Կիևում արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների նկատմամբ

Photo: Reuters

Կիևում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցրելու հազարավոր ցուցարարների ամբոխը, որոնք բողոքում են Ուկրաինայի կողմից Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու դեմ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի կառավարության շենքը շղթայած ոստիկանների ուղղությամբ ցուցարարները ծխագլանիկներ են նետել և մի քանի անգամ էլ գազ արձակել նրանց վրա, ինչին ի պատասխան ոստիկանները որոշել են արցունքաբեր գազ կիրառել:

Ոստիկանության տվյալներով՝ ցույցին մասնակցել է 22 հազ. հոգի: Ընդդիմության ղեկավարներից մեկը, խորհրդարանական «Բատկիվշինա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովն ասել է, որ ցույցի մասնակիցների թիվը մոտ 100 հազ. է:

Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալու է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Ակնկալվում էր, որ գագաթաժողովին Ուկրաինան Եվրոպական Միության հետ կստորագրեր Ասոցացման համաձայնագիր: Ընդամենը մի քանի օր առաջ, սակայն, պաշտոնական Կիևը հրաժարվեց Վիլնյուսի գագաթաժողովին այդ համաձայնագիրը ստորագրելուց:

Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ եթե Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերին չստորագրվի, դա հնարավոր կլինի անել ձմռան վերջին կամ գարնան սկզբին:

Եվրոպական Միության ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են , որ Ուկրաինայի որոշումը կայացվել է Ռուսաստանի ճնշման ներքո:

Ուկրաինայում 1 միլիոն քաղաքացիներ ստորագրությամբ երկրի իշխանություններից պահանջել են շարունակել Եվրոպական Միության հետ ինտեգրման քաղաքականությունը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 3-ին, Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հրաժարվելու և Ռուսաստանի ղեկավարած Մաքսային միությանը միանալու մասին հայտարարել էր Հայաստանը:

Մեկնաբանել