Ընտրություններից առաջ Թուրքիան «կարգի է բերում» իր արտաքին քաղաքականությունը. Zaman

Թուրքիայում նախագահական ընտրությունների (խմբ.՝ 2014թ. ամառ) նախաշեմին երկրի կառավարությունը, կարծես, կարգի է բերում իր արտաքին քաղաքականությունը՝ կարգավորելով հարաբերությունները Իրանի հետ, արտաքին քաղաքական օրակարգ վերադարձնելով հարաբերությունները Իրաքի կենտրոնական կառավարության հետ, դրականորեն արձագանքելով Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը, վերանայելով իր քաղաքականությունը Սիրիայում և ավելի ջերմ հարաբերություններ հաստատելով Եվրոպական Միության հետ, գրել է թուրքական Today’s Zaman-ը:

Նախկինում՝ ընտրական շրջանում, արտաքին քաղաքականության հարցը մեծ ուշադրության չէր արժանանում, այդուհանդերձ, Թուրքիայի՝ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ դերի աճին զուգընթաց, երկրի հասարակությունը սկսել է ավելի շատ հետաքրքրվել արտաքին քաղաքական հարցերի շուրջ Թուրքիայի դիրքորոշմամբ:

«Տեղյակ լինելով դրանից՝ Թուրքիայի կառավարությունը սկսել է շտկել իր արտաքին քաղաքականությունը հարևանների նկատմամբ»,- Zaman-ի հետ զրույցում ասել է Գալաթասարայի համալսարանի գիտնական Բերիլ Դեդեօղլուն:

Այսպես՝ Թուրքիան ջանք է գործադրում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, գրել է Zaman-ը:

Դավութօղլուն վերջերս հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է անել առավելագույնը Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու համար՝ ցանկանալով կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

«Բացի այդ, Հայաստանը հրավիրել է Դավութօղլուին Երևան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը»,- գրել է թուրքական պարբերականը:

Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժ է նկատվել նաև Իրաքի հետ հարաբերությունների հարցում: Նախկինում ունենալով լարված հարաբերություններ այդ երկրի հետ՝ Թուրքիան այսօր նոր երկխոսություն է սկսում իր հարևանի հետ՝ կազմակերպելով երկկողմ այցեր Բաղդադի և Անկարայի միջև:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Իրաքի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով վերջին չորս տարում առաջին անգամ այցելեց Բաղդադ: Այցը, որի շրջանակում տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, վկայում է, որ Թուրքիան կարևորում է հարաբերությունների բարելավումը Իրաքի հետ:

Բաղդադի հետ փոխհարաբերություններում նոր էջ բացելով՝ Թուրքիան նաև փորձում է ջերմ հարաբերությունների պահպանել Հյուսիսային Իրաքի Քրդստանի տարածաշրջանի հետ:

Վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դիարբեքիրում հանդիպում է ունեցել Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ հարաբերություններին, ապա, փորձագետների համոզմամբ, մինչև ընտրությունները Թուրքիան չի ցանկանա վերականգնել հարաբերությունները Իսրայելի հետ, և հավանական է, որ իր նախընտրական քարոզարշավը Էրդողանը կկառուցի հակաիսրայելական հռետորաբանության վրա հիմնվելով:

Սիրիայում Թուրքիան կարծես վերանայում է իր քաղաքականությունը՝ փորձելով հեռու մնալ ծայրահեղական խմբավորումներից: Թուրքիան մեղադրվում է Սիրիայում զինված ծայրահեղականներին աջակցելու և զենք մատակարարելու մեջ:

Այդուհանդերձ, վերջին ամիսներին Թուրքիան սկսել է հերքել պնդումները, որ Սիրիայում աջակցում է «Ալ-Կաիդային»: Վերլուծաբանները կարծում են, որ միջազգային հանրության ճնշման տակ Թուրքիան դադարեցրել է օժանդակությունը «Ալ-Կաիդայի» հետ կապված խմբավորումներին:

«Թուրքիան պակասեցրել է իր աջակցությունը արմատականներին: Նա վարում է խոստումնալից քաղաքականություն, որը ողջունում են Արևմուտքն ու Ռուսաստանը»,- ասել է Բերիլ Դեդեօղլուն:

Սիրիական ճգնաժամի հարցում հակասություններ ունենալով Իրանի հետ՝ Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերություններն այդ երկրի հետ՝ նոր նախագահ Հասան Ռոհանիի ընտրվելուց հետո:

Վերջերս Թուրքիան և Եվրոպական Միությունը Բրյուսելում բացեցին բանակցությունների 22-րդ գլուխը, որը վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանն ու կառուցվածքային գործիքների համակարգմանը: 22-րդ գլխի բացումը Թուրքիային թույլ կտա ակտիվորեն օգտվել Եվրամիության ֆոնդերից, որոնց օգնությամբ անդամակցությունից հետո հնարավորություն է տրվում վերացնել տարածաշրջանային զարգացման տարբերությունները ԵՄ երկրների միջև: ԵՄ-ում այդ տարբերությունները սրվել են վերջին ընդլայնման ֆոնին և ավելի արդիական դարձրել տարածաշրջանային քաղաքականության կարևորությունը:

Մեկնաբանել