Կարգավորման ազդակներ՝ հայ-թուրքական տնտեսական հարաբերություններում. Deutsche Welle

Մի՞թե վերջին շրջանում Թուրքիայի և Հայաստանի փոխադարձ ուղերձները խոսում են այն մասին, որ երկրները «կարգավորման նոր փուլ են մտնում», գրել է գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայությունը:

«Հատկապես ուշագրավ են տնտեսական հարաբերություններում նկատելի կարգավորման ազդակները: Նախևառաջ՝ հոկտեմբեր ամսին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիա կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում աշխատանք է տարվում որոշ ստեղծարար գաղափարների շուրջ»,- գրել է Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը՝ հավելելով, որ այնուհետև Երևանը Թուրքիայի արտգործնախարարին հրավիրեց մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը:

«Հայաստանի կողմից այս հրավերը երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Չնայած, որ հայ-թուրքական սահմանը փակ է, երկու երկրների տնտեսական հարաբերությունները շարունակվում են սովորական հունով: Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալներով՝ 2012թ. Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ աճ են գրանցել: Եթե 2011թ. Թուրքիայից Հայաստան արտահանման ծավալը կազմել է 218 մլն դոլար, ապա 2012թ. այն կազմել է 241 մլն դոլար: 2013թ. կայուն է մեկնարկել, և առաջին չորս ամիսների ընթացքում ամսական կտրվածքով մոտ ցուցանիշներ են գրանցվել»,- ասված է հոդվածում:

Ըստ հոդվածագրի՝ տնտեսական հարաբերությունները, չնայած առկա սահմանափակումներին, իրենց մեջ պարունակում են հարաբերությունների կարգավորման ազդանշաններ:

Հայ-թուրքական գործարարության զարգացման խորհրդի համանախագահ Քաան Սոյաքը Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալները երկու երկրների միջև սահմանափակումների պատճառով զարմանելի է համարում և միաժամանակ նշում, որ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև նորմալ հունով է ընթանում: Սոյաքի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալները, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմում են 300 մլն դոլար:

«Մեծ կարևորություն ունի երկու երկրների միջև թե՛ մեծածախ, թե՛ մանրածախ առևտուրը: Այս տեսանկյունից կարևոր է Ստամբուլի Լալելի շրջանը, որում առևտրականները, որոնք ցանկանում են ավելի շատ եկամուտներ ստանալ, սկսել են ռուսերենից բացի հայերեն և վրացերեն սովորել»,- ասված է հոդվածում:

Հայ-թուրքական գործարարության զարգացման խորհրդի համանախագահ Քաան Սոյաքի համոզմամբ՝ 2015թ. չի կարող մեծ ազդեցություն ունենալ երկկողմ առևտրային հարաբերությունների վրա:

Մեկնաբանել