Եվրաինտեգրումից հրաժարվելուց հետո Հայաստանում և Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների տարբերությունը պայմանավորված է երկու հասարակություններում եվրոպական հեռանկարների ընկալման տարբերությամբ. նոյեմբերի 25-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ, «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» Եվրոպա ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանը` գնահատելով այս օրերին Կիևի փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր ուկրաինացիների և Հայաստանի` Մաքսային միություն մտնելու վերաբերյալ հայտարարությունից հետո ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հավաքված մի քանի տասնյակ երևանցիների բողոքի տարբերությունը:
«Հայաստանում եվրոպական հեռանկարը շատ ավելի աղոտ է, ավելի ոչ հստակ, իսկ Ուկրաինայում շատ ավելի լավ են պատկերացնում Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման արդյունքները»,- ասաց Միքայել Հովհաննիսյանը` նշելով նաև Ռուսաստանի նկատմամբ երկու երկրներում ունեցած վերաբերմունքի տարբերությունը:
Ըստ նրա` Ռուսաստանի ընկալումը Հայաստանում և Ուկրաինայում սկզբունքորեն տարբեր է:
«Դրանով էլ կարելի բացատրել այն հանգամանքը, որ Ուկրաինայում բողոքի ցուցերին 100 հազարից ավել մարդ է դուրս եկել, իսկ Երևանում ընդամենը մի քանի տասնյակ քաղաքացի դուրս եկավ Բաղրամյան 26-ի դիմաց»,- ասաց փորձագետը:
Քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանն էլ գործընթացների տարբերությունը պայմանավորեց երկու հասարակություններում հարցի ընկալման տարբերությամբ: «Տարիներ շարունակ եվրաինտեգրումը շատ ակտուալ է եղել իրենց մոտ: Իսկ Հայաստանում կարծես թե շատ լայն արձագանք չուներ, չնայած դժգոհություններ կան, բայց դա միանշանակ չէ»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք կարելի է եզրակացնել, որ Հայաստանի ապագան Մաքսային միության կազմում տեսնող քաղաքացիների թիվը Հայաստանում ավելի շատ է, քաղաքագետը պատասխանեց, որ նման ուսումնասիրություններ չկան:
Միքայել Հովհաննիսյանն էլ հավելեց, որ Հայաստանում ներքին խնդիրների առկայությունն այնքան մեծ է, որ արտաքին գործընթացների և ներքին կյանքի փոփոխության կապը հասարակության մեծամասնությունը հստակ չի տեսնում:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ պայմանավորելով այն Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ։ Այդ որոշումից հետո հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ` բողոքելով այդ որոշման դեմ: