Երևանի և Մոսկվայի քաղաքապետները համագործակցության ծրագիր կստորագրեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 26-ին կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Երևան-Մոսկվա համագործակցության ծրագրի շրջանակում նոյեմբերի 26-28-ը անցկացվող Երևանի օրերին, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում Տարոն Մարգարյանը պաշտոնական հանդիպում կունենա Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ: Այնուհետ երկու երկրների մայրաքաղաքների քաղաքապետները կստորագրեն 2014-2016 թթ. համագործակցության ծրագիրը:

Այցի ընթացքում նախատեսված է գործարար համաժողով, որի շրջանակում «Մետրոպոլ» հյուրանոցում կկազմակերպվի հայկական գինիների ցուցահանդես-համտես:

Երևանի պատվիրակության այցի ծրագիրը հագեցած է նաև բազմաթիվ մշակութային ու մարզական միջոցառումներով, որոնք կմեկնարկեն նոյեմբերի 26-ին՝ հայոց գրերի ստեղծմանը նվիրված տոնական երեկոյով:

Նոյեմբերի 27-ին Միությունների տան սյունազարդ դահլիճում տեղի կունենա գալա-համերգ, որի շրջանակում դասական և էստրադային կատարումներով հանդես կգան պետական երիտասարդական նվագախումբը, ժամանակակից հայտնի հայ կատարողներ:

Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կկազմակերպվի «Հայկական մոտիվներ» խորագրով ցուցահանդես՝ կազմված Ռուսաստանի ժամանակակից պատմության պետական կենտրոնական թանգարանի հավաքածուներից: Կցուցադրվեն նաև ժամանակակից հայ գեղանկարիչ Կայծ Վանիկյանի ստեղծագործությունները: Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի կողմից կկազմակերպվի «Երիտասարդ հայ նկարիչները» ցուցահանդեսը:

Կ. Ստանիսլավսկու անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնը Սվետլանա Վրագովայի «Մոդեռն» դրամատիկական թատրոնում հանդես կգա «Ամենը վաճառքի» ներկայացումով:

Այցելության ծրագրի կրթական մասով նախատեսվում է այցելություն Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ 2042թ. միջնակարգ հանրակրթական դպրոց:

Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում կանցկացվեն նաև Մոսկվա-Երևան պատանեկան մարզական խաղերը՝ ազատ ըմբշամարտ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս մարզաձևերում:

Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ, ինչպես նաև հանդիպում Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մեկնաբանել