Հայաստանն ու Միացյալ Էմիրությունները մաքսային ոլորտում կհամագործակցեն

Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, նոյեմբերի 19-20-ը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում կայացած Համաշխարհային մաքսային կազմակերպության «Տնտեսական մրցունակություն» թեմայով տարածաշրջանային համաժողովին:

Ինչպես հաղորդում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, համաժողովի ընթացքում քննարկվել են մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ներդաշնակեցման իրականացման ճանապարհին ի հայտ եկող մարտահրավերները` հաշվի առնելով նաև Կիոտոյի վերանայված կոնվենցիայի դրույթները: Քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության անդամ պետությունների միջև տնտեսական ինտեգրման երկարաժամկետ հեռանկարները` մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցումը դիտարկելով որպես ինտեգրման լավագույն միջոց: Համաժողովի օրակարգային կարևոր հարցերից են եղել նաև մատակարարման շղթայի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման, «Լիազորված տնտեսական օպերատորների» ինստիտուտի ներդրման միջազգային փորձի ուսումնասիրման խնդիրները:

Համաժողովի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրեն Խալիդ Ալ Բուստանին «ՀՀ կառավարության և ԱՄԷ կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար: Այն հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը և առևտրային հոսքերի աճին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի համաձայնագրի կիրարկման հետ կապված բոլոր աշխատանքները:

ԱՄԷ դաշնային մաքսային ծառայության գլխավոր տնօրենն ընդունել է ՊԵԿ նախագահի` հաջորդ բարձրաստիճան երկկողմանի հանդիպումն Հայաստանում անցկացնելու հրավերը:

Մեկնաբանել