Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել

Ուկրաինայի նախկին վարչապետ, 2011թ․հոկտեմբերին յոթ տարի ազատազրկման դատապարտված Յուլյա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման պահանջով, հաղորդում է BBC-ն:

«Ի նշան ձեզ հետ միասնության՝ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում՝ [Ուկրաինայի նախագահ Վիկտոր] Յանուկովիչից պահանջելով ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը»,- Կիևի Եվրոպական հրապարակում տեղի ունեցող հանրահավաքին Տիմոշենկոյի հայտարարությունն ընթերցել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն:

Տիմոշենկոյի փաստաբանի խոսքով՝ նախկին վարչապետը կոչ է արել «երկրի երեսից սրբել» Յանուկովիչի՝ համաձայնագրի ստորագրումից հրաժարված կառավարությունը:

Վլասենկոն հայտարարել է, որ հիվանդանոցում գտնվող Տիմոշենկոն ցուցարարներից պահանջում է «առաջ գնալ»:

«Չնահանջե՛ք, գնացե՛ք դեպի հաղթանակ: Եթե ամսի 29-ին [նոյեմբերի] Յանուկովիչը չստորագրի Ասոցացման մասին համաձայնագիրը, սրբե՛ք նրան երկրի երեսից՝ իր կոռուպցիոն մետաստազների հետ միասին»,- կոչ է արել նա:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարել է, որ դադարեցրել է Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից:

Կիևում, ինչպես նաև երկրի մի շարք այլ քաղաքներում, եվրաինտեգրաման աջակիցները որոշմանն արձագանքել են ցույցերով:

Ոկրաինայի մայրաքաղաքում նոյեմբերի 24-ից շարունակվում է «Եվրամայդան» անժամկետ ակցիան. ցուցարարները Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում են պահանջում:

Ակցիաների ընթացքում տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, կիրառվում է արցունաքաբեր գազ:

Չնայած արգելքին՝ Կիևի Եվրոպական հրապարակում՝ Ուկրաինայի տան մոտ, վրաններ են տեղադրված:

Մեկնաբանել