Փողը թանկանում է նաև բանկերի համար։
Տնտեսության աճի տեմպի դանդաղումը, ապագայի նկատմամբ անորոշությունների ավելացումը պատճառ է դարձել, որ բանկային համակարգում տասն ամիսների կտրվածքով ավանդների պորտֆելն 2,3 անգամով ավելի աճի, քան վարկերինը։ Ներգրաված միջոցները բանկերը, սակայն, ոչ թե «սառեցրել» են, այլ ուղղել արտաքին պարտավորությունների սպասարկմանը։
Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների համաձայն՝ այս տարվա տասն ամիսներին բանկային համակարգում ավանդների պորտֆելն ավելացել է 244,7 մլրդ դրամով կամ 20,2%-ով, վարկային պորտֆելը՝ 109 մլրդ դրամով կամ 7%-ով՝ հոկտեմբերի վերջին կազմելով, համապատասխանաբար՝ 1,45 տրլն դրամ և 1,71 տրլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների պորտֆելում դոլարային ավանդների մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 1,2 տոկոսային կետով՝ հոկտեմբերի վերջին կազմելով 62,5%. վարկային պորտֆելում դոլարային վարկերինը կրճատվել է 1,3 տոկոսային կետով՝ մինչև 62,9%։
Բանկային համակարգում, առաջին հայացքից, ստեղծվել է պարադոքսալ մի իրավիճակ, երբ բանկերը ներգրավվում են միջոցներ, որոնց մի մասը «սառեցնում» են, և դրանց սպասարկումը՝ տոկոսավճարները, կատարում սեփական եկամուտների հաշվին։
Սակայն ԿԲ-ի մեկ այլ՝ «Հայաստանի համախառն պարտք» հրապարակումից երևում է, որ ընթացիկ տարվա ընթացքում բանկերի համար դժվարացել է արտաքին աղբյուրներից նոր վարկային միջոցների ներգրավումը, թեև նրանք շարունակել են մարել նախկինում ներգրավված վարկերի մի մասը։
Այսպես, եթե անցած տարվա վերջին բանկերի երկարաժամկետ արտաքին պարտքը կազմել է $1,3 մլրդ, ապա այս տարվա հունիսի վերջին (հասանելի վերջին տվյալներն են) այն $1,29 մլրդ է։ Ընդ որում, այս տարվա վեց ամիսներին բանկերի ներգրաված վարկերի ծավալը կրճատվել է $172 մլն-ով կամ 15%-ով։ Ստացվում է, որ ներքին շուկայից ներգրաված միջոցների մի մասը բանկերն իրականում ոչ թե «սառեցրել» են, այլ՝ ուղղել արտաքին պարտավորությունների սպասարկմանը։
Արդյունքում ներքին շուկայում ոչ միայն չի նկատվել ավանդների տոկոսադրույքների նվազում, այլև ընդհակառակը՝ դրանք աճել են։ Այսպես. եթե անցած տարվա տասն ամիսներին մեկ տարուց ավելի ժամկետով դրամային ավանդների միջին տոկոսադրույքը 11,6% էր, ապա այս հունվար-հոկտեմբերին՝ արդեն 12,25%. դոլարային ավանդների դեպքում միջին տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 7,8%։
Բանկերի կողմից բարձր տոկոսադրույքով ավանդների ներգրավումը, հիմնականում ֆիզիկական անձանցից, պայմանավորված է նրանով, որ տարվա տասն ամիսներին հիմնականում պահանջարկված են եղել սպառողական վարկերը։ Ի տարբերություն այլ վարկերի, սպառողական վարկերի տոկոսադրույքը հասնում է մինչև 24%, և բանկերն կարողացել են տեղաբաշխել թանկ միջոցները։ Տասն ամիսներին սպառողական վարկերի պորտֆելն ավելացել է 30%-ով կամ 48,8 մլրդ-ով՝ հոկտեմբերի վերջին կազմելով 344 մլրդ դրամ։