Հայաստանում շարունակում է խորանալ ճեղքվածքը հարուստների և աղքատների միջև։
Հայաստանում 2012թ. աղքատության մակարդակը տարեկան կտրվածքով կրճատվել է 2,6 տոկոսային կետով. այդուհանդերձ, մոտ 1 մլն մարդու ամսական եկամուտը չի գերազանցել 37 հազ. դրամը, աղքատ է եղել յուրաքանչյուր երրորդը։ Խորացել է նաև հարուստների և աղքատների միջև ճեղքվածքը։
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը. 2013թ.» հրապարակման՝ 2012թ. աղքատության մակարդակը երկրում կազմել է 32,4%՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2,6 տոկոսային կետով։ ԱՎԾ-ի մասնագետների կարծիքով՝ աղքատության մակարդակի կրճատմանը նպաստել է անցած տարվա 7,2% տնտեսական աճը։
Այդուհանդերձ, թե´ աղքատության մակարդակը, թե´ դրա խորությունն ու սրությունը դեռևս գերազանցում են 2008-ի ցուցանիշները (աղքատության մակարդակը՝ 27,6%)։ 2012-ին, 2008-ի նկատմամբ, ավելացել է ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,8 անգամ (կամ 1,2 տոկոսային կետով), շատ աղքատների մակարդակը՝ 7,1 %-ով (կամ 0,9 տոկոսային կետով), ընդհանուր աղքատության մակարդակը՝ 17,4 %-ով (կամ 4,8 տոկոսային կետով): 2012-ին աղքատության խորությունը գնահատվել է 5,6%՝ նախաճգնաժամային 2008-ի 5,1%-ի համեմատ։
2012թ. աղքատների թվաքանակը կազմել է մոտ 980 հազ., ընդ որում, շատ աղքատներինը՝ 408 հազ. մարդ, ծայրահեղ աղքատներինը՝ մոտ 85 հազ.: Պարզ ասած՝ 2012թ. Հայասատնում ամեն երրորդը՝ 32,4%-ը, եղել է աղքատ, նրանցից՝ շատ աղքատ՝ 13,5%-ը, ծայրահեղ աղքատ՝ 2,8%։ Աղքատության վերին գիծը անցած տարի կազմել է 37 հազ. դրամ, ինչը նշանակում է, որ 980 հազ. քաղաքացու ամսական եկամուտը չի գերազանցել այդ շեմը։
ԱՎԾ-ի հաշվարկներով՝ Հայաստանում աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է 69,4 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 1,7 %-ի չափով գումար՝ ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների։ Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 2 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 0,1%-ը, ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության և բարձր հասցեականության պայմաններում։
Հասարակության շերտավորման աստիճանը գնահատող Ջինիի գործակիցը վկայում է, որ անցած տարի շարունակել է խորանալ բնակչության բևեռացումն ըստ եկամուտների։ Այսպես, 2012թ. սպառման անհավասարությունը (չափվում է Ջինիի գործակցով) կազմել է 0,269, այն դեպքում, երբ 2011-ին ցուցանիշը 0,267 էր, 2010-ին՝ 0,0265, 2008-ին՝ 0,242։
Ըստ ամբողջական եկամուտների անհավասարության՝ գործակիցը 2012թ. կազմել է 0,372, 2011-ի՝ 0,371-ի, 2010-ի՝ 0,362-ի, և նախաճգնաժամային 2008-ի 0,339-ի դիմաց։
Ջինիի գործակիցը ցույց է տալիս հասարակության շերտավորման աստիճանը. որքան անհավասարաչափ են բաշխվում եկամուտները, այնքան գործակիցը ձգտում է 1-ի։ Ստացվում է, որ անցած տարի Հայաստանում էլ ավելի է խորացել ճեղքվածքը հարուստների ե աղքատների միջև։
Լուսանկարը` Ֆոտոլուրի