Ռուսաստանի կառավարությունը Պետդումա է մտցրել օրինագիծ, համաձայն որի՝ միգրանտներն իրենց աշխատանքային պայմանագրերին պետք է կցեն տեղեկություններ ՌԴ-ում բնակության թույլտվության և կամավոր առողջապահական ապահովագրության պոլիսի մասին, հաղորդում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։
«Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր գտնվող օտարեկրյա աշխատակիցների բուժօգնության ապահովման նպատակով Աշխատանքային օրենսգրքի նոր հոդվածում նախատեսվում է անհրաժեշտություն առ այն, որ աշխատանքային պայմանագրում կամավոր առողջապահական ապահովագրության պոլիսի կամ գործատուի՝ օտարերկրյա աշխատակցին բժշկական վճարովի ծառայություններ մատուցելու վերաբերյալ բժշկական կազմակերպության հետ պայմանագրի մասին տեղեկություններ ներառվեն»,- ասված է Ռուսաստանի կառավարության կայքում տեղադրված կարգադրության մեջ։
Բացի այդ՝ գործատուները, համաձայն Աշխատանքային օրենսգրքի առաջարկվող նոր հոդվածի՝ պարտավոր կլինեն խզել աշխատանքային պայմանագիրն այն միգրանտների հետ, որոնց կեցության իրավունքի կամ պոլիսի գործողության ժամկետն ավարտվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պետական սահմանային հանձնաժողովը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ղեկավարությամբ, նախաձեռնել է փոփոխությունների մշակում, որոնք բոլոր միգրանտներին կստիպեն առողջապահական ապահովագրական պոլիսներ ձեռք բերել և կարգելեն Ռուսաստանի տարածքում գտնվել ոչ ավելի, քան 90 օր «կես տարվա ընթացքում»՝ այցագրի և աշխատանքի թույլտվության բացակայության դեպքում։
Անօրինական միգրանտների թեման Ռուսաստանում առանձնահատուկ ակտուալություն ձեռք բերեց Մոսկվայի Բիրյուլևո թաղամասում 25-ամյա Եգոր Շերբակովի սպանությամբ պայմանավորված անկարգություններից հետո։
Լույս հոկտեմբերի 10-ին Արևմտյան Բիրյուլևո թաղամասում անհայտ անձը սպանել էր Շերբակովին և փախուստի էր դիմել։ Թաղամասի բնակիչները հոկտեմբերի 13-ին հավաքվել էին՝ պահանջելու սպանության անհապաղ հետաքննություն։ Բիրյուլևոյի բնակիչների «ժողովրդական հավաքը» վերածվել էր անկարգությունների։
Շերբակովի սպանության գործով հոկտեմբերի 15-ին ձերբակալվել է ծագումով ադրբեջանցի Օրհան Զեյնալով Զահիթօղլին։