Աղքատությունը կրճատվել է շնորհիվ արտագաղթի ու հաշվարկների

Աղքատության ցուցանիշի կրճատմանը նպաստել է նաև արտագաղթը։

Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկել է, որ անցած տարի գոյատևման համար մեկ շնչի հաշվով անհրաժեշտ էր ամսական 32 հազ. դրամ։ Տնային տնտեսությունները կրկնակի մեծ գումար են նշել՝ 67,4 հազ. դրամ։

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հաշվարկել է, որ անցած տարի աղքատության ընդհանուր գիծը մեկ անձի հաշվով կազմել է 32 հազ. դրամ։ Արդյունքում ստացվել է, որ 2012թ. աղքատությունը Հայաստանում կրճատվել է 2,6 տոկոսային կետով և կազմել 32,4%։

Աղքատության ընդհանուր գիծը այն գումարի չափն է, որն անհրաժեշտ է չափահաս անձին մեկ ամիս գոյատևելու համար։ Մյուս կողմից՝ ըստ ԱՎԾ-ի հարցումների, տնային տնտեսությունները մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամտի չափ են նշել 67,4 հազ. դրամը։ Տնային տնտեսություններին, փաստացի, երկու անգամ ավելի գումար է անհրաժեշտ եղել, քան հաշվարկել է ԱՎԾ-ն։

Ուշագրավ է, որ 2011թ. տնային տնտեսությունները միջին ամսական եկամտի չափ նշել էին 80,5 հազ. դրամը։ Ստացվում է, որ 2012թ. 3,2% գնաճի պայմաններում տնային տնտեսություններն անհասկանալի պատճառներով պատրաստ են եղել 16,3%-ով կամ 13,1 հազ. դրամով կրճատել ծախսերը։

Իրականում, ԱՎԾ-ի հրապարակումից պարզ երևում է, որ 2012թ. աղքատների թվի 120 հազ-ով կրճատումը արդյունք է նաև մեթոդոլոգիայի։

ԱՎԾ-ն աղքատության ընդհանուր գիծն անցյալ տարի բարձրացրել է 1000 դրամով։ 2011թ. այն ավելացվել էր 1,7 հազ. դրամով, 2010-ին՝ 3,5 հազ-ով։ Իհարկե, անցած տարի գնաճը եղել է ավելի ցածր, քան նախորդ տարիներին, սակայն ԱՎԾ-ն աղքատության գծի հարցում ամենայն հավանականությամբ առաջնորդվել է ոչ թե այս հանգամանքով, այլ նրանով, որ ծայրահեղ աղքատության մակարդակի փոփոխությունն առավել զգայուն է աղքատության գծի փոփոխության նկատմամբ։

Եթե աղքատության գիծն ավելանա 5%-ով, ապա ծայրահեղ աղքատությունը կաճի 18%-ով, իսկ ընդհանուր աղքատությունը՝ 1%-ով: Պարզ ասած, եթե 2012թ. աղքատության գիծը վերանայվեր նույն չափով, որքան և 2011-ին՝ 1,7 հազ. դրամով, ապա աղքատության մակարդակն իրականում պետք է կրճատվեր ոչ թե 2,6 տոկոսային կետով՝ մինչև 32,4%, այլ ընդհակառակը՝ ավելանար 1 տոկոսային կետով և կազմեր 36% (2011թ. աղքատության մակարդակը կազմել է 35%)։

Աղքատության կրճատմանը նպաստել է նաև արտագաղթը։ Ըստ ԱՎԾ-ի՝ աղքատության վրա ազդող կարևորագույն գործոններից է մասնակցությունը աշխատանքի շուկայում: Աշխատանքի բացակայության պարագայում է մեծանում աղքատ կամ ծայրահեղ աղքատ լինելու հավանականությունը: Դրա վկայությունն է այն, որ աշխատող անդամ չունեցող տնային տնտեսություններում աղքատության մակարդակը 2012-ին կազմել է 44,5%։

Ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստան ժամանած և երկրից մեկնած անձանց թվաքանակների տարբերությունը 2012-ին եղել է բացասական՝ 44,8 հազ.։ Այս հանգամանքը ևս նպաստել է աղքատության ցուցանիշի կրճատմանը, քանի որ երկիրը հիմնականում լքել են աշխատանք չունեցողները։

Մեկնաբանել