Լուսանկարը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ի ֆեյսբուքյան էջից
Աշխարհահռչակ շանսոնյե և Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը նոյեմբերի 25-ին Ժնևում բարոնուհի Քերոլայն Քոքսին անձամբ հանձնել է Շառլ Ազնավուրի անվան մրցանակը՝ Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար, այս մասին ասված է Բրյուսելում տեղակայված «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության (Eufoa) տարածած հաղորդագրության մեջ:
«Ինձ համար սա [մրցանակը] հիանալի միտք է. այն ամենի համար, ինչ բարոնուհին կրում է իր ուսերին մեզ՝ հայերիս և Հայաստանին օգնելու համար շնորհել մի մրցանակ, որը կրում է իմ անունը (թեև պատահաբար է եղել, սակայն ընդունել եմ այդ առաջարկը)»,- ասել է Ազնավուրը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցանակի համար, որը շնորհվում է մի ժողովրդի կողմից, որին անսահման սիրում և հարգում եմ»,- իր հերթին ասել է Քերոլայն Քոքսը՝ նշելով, որ հայերը ոչ միայն կարողանում են վերապրել. նրանք «մոխրից գեղեցկություն են ստեղծում»:
Մրցանակը հիմնվել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության և Եվրոպա-Հայաստան խորհրդի կողմից: 5 հազ. եվրոյին համարժեք մրցանակի նպատակն է խրախուսել Եվրոպայի և Հայաստանի միջև կամուրջների ստեղծմանն ուղղված նախաձեռնությունները, միևնույն ժամանակ, ընդգծել Հայաստանի և Եվրոպայի միջև լավ հարաբերությունների կարևորությունը: