ԵՄ-ի հետ ասոցացումը Ուկրաինայում գործազրկության կհանգեցնի. իշխող կուսակցություն

Ուկրաինայի՝ ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագրի կնքումը երկրում կհանգեցնի լայնամասշտաբ գործազրկության, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ուկրաիանյի իշխող՝ Ռեգիոնների կուսակցության առաջին փոխնախագահ Միխայիլ Չեչետովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

«Այսօր մենք պատրաստ չենք Ասոցացման մասին համաձայնագրի կնքմանը տասնյակ հազարավոր ձեռնարկությունների փակման գնով, նախևառաջ՝ երկրի արդյունաբերական կենտրոնում՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի և այլ շրջաններում: Դա ոչ ադեկվատ գին է»,- ասել է Չեչետովը:

Ուկրաինացի քաղաքական գործչի խոսքով՝ երկրի իշխանությունները ներկայում համոզված չեն, որ ԵՄ-ն կարող է փոխհատուցել այն կորուստները, որոնք կկրի երկրի տնտեսությունը ԱՊՀ և Ռուսաստան արտահանման կրճատման դեպքում: Չեչետովը միևնույն ժամանակ նշել է, որ «Ուկրաինան մտադիր չէ Ռուսաստանի հետ հարաբերություններին ի վնաս որոշում ընդունել»:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ պայմանավորելով այն Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ։ Այդ որոշումից հետո հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ` բողոքելով այդ որոշման դեմ: Ցուցարարները Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում են պահանջում։ Ակցիաների ընթացքում տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, կիրառվում է արցունաքաբեր գազ։

Մեկնաբանել