«Սիրիական ազատ բանակ» սիրիական ընդդիմադիր խմբավորման հրամանատար Սալիմ Իդրիսը հայտարարել է, որ իր խմբավորումը չի մասնակցի 2014թ. հունվարի 22-ին Շվեյցարիայում կայանալիք՝ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողով Ժնև-2-ին, հաղորդում է Reuters գործակալությունը:
Գեներալ Սալիմ Իդրիսի դիրքորոշումը վկայում է, թե որքան դժվար է լինելու միջազգային միջնորդներին Ժնևի բանակցային սեղանի շուրջ հավաքել Սիրիայում հակամարտող կողմերին:
«Ներկայիս պայմանները հարմար չեն, որ նշված օրը անցկացվի Ժնև-2 համաժողովը, և մենք, որպես հեղափոխական ուժ, չենք մասնակցի այդ համաժողովին»,- ասել է Իդրիսը՝ հավելելով, որ իրենք չեն դադարեցնելու պայքարը ո՛չ Ժնևի համաժողովի օրերին, ո՛չ՝ դրանից հետո:
Նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանն ուղղված միջազգային երկրորդ համաժողովը՝ Ժնև-2-ը, կգումարվի 2014թ. հունվարի 22-ին:
Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ Սիրիայի նախագահը պետք է իր պաշտոնը լքի նախքան բանակցությունների մեկնարկը:
Ժնև-2 համաժողովի անցկացման նախաձեռնությունը Ռուսաստանինն ու Միացյալ Նահանգներինն է: Այն պետք է դառնա Ժնևում 2012թ․հունիսի 30-ի հանդիպման շարունակությունը։ Ի սկզբանե ծրագրվում էր այն անցկացնել հունիսի սկզբին։
Սիրիան 2011թ․մարտից ներքաղաքական ճգնաժամում է։ Երկրի ընդդիմությունը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի պաշտոնաթողությունը՝ կառավարական ուժերին մեղադրելով խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունների իրագործման մեջ։ Պաշտոնական Դամասկոսը վստահեցնում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «զինված ահաբեկչական խմբավորումներ»։ Համաձայն ՄԱԿ-ի տվյալների՝ հակամարտության սկզբից ի վեր Սիրիայում զոհվել է ավելի քան 100 հազ․ մարդ, փախստական է 2,8 մլն սիրիացի, ևս 6,5 մլն սիրիացի համարվում է ներքին տեղահանված։