Ողջունում եմ ցույցերի դուրս եկած քաղաքացիներին: Այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նոյեմբերի 26-ին ուկրաինական հեռուստաալիքների հետ զրույցում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Ծափահարում եմ բոլոր նրանց, ովքեր դուրս են եկել հանուն եվրաինտեգրման»,- ասել է Յանուկովիչը՝ հավելելով, որ ակցիաներին մասնակցում են նաև իրենց քաղաքական հարցերը 2015թ. նախագահական ընտրությունների նախաշեմին լուծել ցանկացողները:
Հարցադրմանը, որ եվրաինտեգրման համար պայքարողների ակցիաները կարող են երկարատև լինել, Յանուկովիչը պատասխանել է. «Խնդրեմ, ցանկացած բան, ինչ արգելված չէ օրենքով, առավել ևս, որ մենք դրան արդեն սովոր ենք»:
Յանուկովիչը հայտարարել է նաև, որ Ուկրաինան չի փոխել եվրաինտեգրման ուղեգիծը՝ չնայած ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը հետաձգելու որոշմանը:
«Մենք չենք փոխում ուղեգիծը. ցանկանում ենք, որ մեզ հետ հաշվի նստեն: Գնում ենք այդ ճանապարհով, չենք փոխում այն»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նաև կարևորել է այն փաստը, որ Ուկրաինան իր գործընկերների հետ չշփվի որպես «խեղճ բարեկամ»: Յանուկովիչի համոզմամբ՝ իր երկիրը պետք է փոխշահավետ հարաբերություններ պահպանի իր քաղաքական գործընկերների հետ:
«Պետք է ուժեղ լինենք: Այդ ժամանակ մեզ կվերաբերվեն իբրև դաշնակիցների, հավասար գործընկերների: Չպետք է որևէ տեղ լինենք ձեռքը մեկնած «խեղճ բարեկամներ»»,- ասել է Յանուկովիչը՝ խոստանալով, որ քանի դեռ երկրի նախագահն է, «թույլ չի տա, որ Ուկրաինային նվաստացնեն»:
Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ պայմանավորելով այն Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ։ Այդ որոշումից հետո հարյուր հազարավոր քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ` բողոքելով այդ որոշման դեմ: Ցուցարարները Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրում են պահանջում։ Ակցիաների ընթացքում տեղի են ունենում բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, կիրառվում է արցունաքաբեր գազ։