Հայաստանում անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել. այսպիսին է Համաշխարհային բանկի «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթը։
Աշխատատեղերի ստեղծման մարտահրավերը Հայաստանում լուծելու համար անհրաժեշտ է աճի մեկ այլ մոդել, որը կտարբերվի համաշխարհային ճգնաժամից առաջ գործող տարբերակից։ Սա է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցի առանցքային դրույթը։
Նոյեմբերի 27-ին ներկայացնելով զեկույցը՝ ՀԲ-ի երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը նշեց, որ զեկույցի պատրաստումը սկսվել է 2011թ. և այն ավարտին է հասցվել այս տարվա ամռանը։ Իհարկե, զեկույցը չի արտացոլում վերջին մակրոտնտեսական ցուցանիշները և զարգացումները, բայց վեր հանված կառուցվածքային խնդիրներն այժմեական են նաև այսօր, քանի որ դրանց վերջին շրջանում խորքային լուծումներ չեն տրվել։
Ըստ զեկույցի հեղինակների՝ ճգնաժամին նախորդող հինգ տարիների շարունակական տնտեսական վերելքը չի լուծել զբաղվածության խնդիրը Հայաստանում, քանի որ այն պայմանավորված է եղել շինարարության ոլորտ օտարերկրյա ֆինանսական ներհոսքով։ Ներկայում տնտեսության կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ է մշակել արտահանելի հատվածի զարգացման ռազմավարություն։ Աշխատաշուկայում անհրաժեշտ է խթանել աշխատուժի վերաբաշխում՝ առավել բարձր արտադրողականությամբ օգտագործելու համար։ «Աշխատաշուկայի անբավարար վիճակը Հայաստանում աղքատության հիմնական պատճառներից է։ Գործազրկության բարձր մակարդակը, պարապուրդի մատնվելը և ցածր վարձատրվող աշխատանքը էապես ազդում են սոցիալական բարեկեցության վրա»,-ասաց Գյուլումյանը՝ հավելելով, թե Հայաստանում ցածր է աշխատանքային ռեսուրսների շարժունությունը. աշխատողները սպասում են որ աշխատատեղեր ստեղծվեն իրենց բնակավայրում և չեն տեղափոխվում աշխատատեղեր ունեցող այլ բնակավայրեր։
ՀԲ մասնագետի խոսքով՝ Հայաստանի առանցքային ոլորտներում գերիշխում են սակավաթիվ ընկերություններ, առկա են օտարերկրյա սեփականության սահմանափակումներ։ «Տարածաշրջանի այլ երկրների համեմատ Հայաստանում մենաշնորհների թիվն ավելի բարձր է։ Շուկաների 60%-ում գերիշխում են մենաշնորհներ կամ օլիգոպոլիաներ»,- նշեց Գյուլումյանը՝ հավելելով, թե ավելի վատ վիճակ է միայն Ադրբեջանում։
ՀԲ-ի երևանյան գրասենյակի ավագ տնտեսագետի խոսքով՝ մրցակցության համար պատասխանատու կառույցը (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով) ավելի շատ կենտրոնացված է գների ուսումնասիրության, քան շուկայում տեղի ունեցող այն գործընթացների վրա, որոնք բերում են գների փոփոխության։ «Հայաստանում գների կայունության համար օրենսդրորեն պատասխանատու է Կենտրոնական բանկը և նպատակահարմար կլիներ, որ հանձնաժողովը վերահսկման փոխարեն ուշադրությունը կենտրոնացներ շուկաներում մրցակցության ապահովման վրա»,- նշեց Գյուլումյանը։
Ըստ նրա՝ առկա են խնդիրներ նաև օրենսդրական մակարդակում. օրենսդրական դաշտը որոշ դեպքերում շարունակում է սահմանափակել մցակցության մասին օրենքի արդյունավետությունը։ «Շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողի գնահատականի հիմքում հաշվի է առնվում շուկայում ֆիքսված մասնաբաժինը, մինչ դեռ անհրաժեշտ է հաշվի առնել շուկաներում մրցակցությունը և այն, որ ժամանակի ընթացքում շուկաներում տեղի են ունենում վերափոխումներ»,- ասաց Գյուլումյանը։