Վ. Պուտինի Նովո-Օգարյովոյի նստավայր, մարտի 12, 2013թ․
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 2-ին պետական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի հանդիպումը նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Երևանում՝ նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցություններ: Կողմերը կքննարկեն Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր:
Ռուսաստանի նախագահի հայաստանյան այցի արդյունքները կամփոփվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: