ՍիվիլՆեթը ուղիղ կհեռարձակի Վիլնյուսի գագաթաժողովն ու համաժողովը

ՍիվիլՆեթը ուղիղ կհեռարձակի նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում կայանալիք Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջազգային համաժողովը:

Շուրջ չորս տարի բանակցություններից հետո ակնկալվում էր, որ Հայաստանը Վիլնյուսի գագաթաժողովին Եվրոպական Միության հետ կնախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը և Խոր և համապարփակ ազատ առևտրի մասին պայմանագիրը: Սեպտեմբերի սկզբին, սակայն, Հայաստանի նախագահն անսպասելիորեն հայտարարեց, որ միանում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը:

Նոյեմբերի 28-29-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալու է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, սակայն ոչ նախաստորագրելու նպատակով:

Վիլնյուսի գագաթաժողովին զուգահեռ նոյեմբերի 28-29-ին տեղի կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջազգային համաժողով, որտեղ Հայաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և այլ երկրներից հասարակական գործիչներ կխոսեն արդի խնդիրների և զարգացումների մասին:

ՍիվիլՆեթը կապահովի այս միջոցառումների ամբողջական ուղիղ հեռարձակումը, իսկ ընդմիջումների ժամանակ կզրուցի հասարակական-քաղաքական գործիչների, պաշտոնյաների, քաղաքագետների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ:

ՍիվիլՆեթը կներկայացնի նաև թեմային առնչվող մինչ այժմ պատրաստված ռեպորտաժներ, հարցազրույցներ ու պետական գործիչների հայտարարություններ:

Գագաթաժողովի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համաժողովի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ:

Մեկնաբանել