Երևանի 2014թ. բյուջեով թեքահարթակաների կառուցմանը կհատկացվի 40 մլն դրամ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող՝ Երևանի քաղաքային հանձնաժողովի հերթական՝ ժամանակացույցին համապատասխան նիստն է կայացել հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ, հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Օրակարգում ընդգրկված հարցերը հանձնաժողովը քննարկել է ընդլայնված նիստում, որին մասնակցել են նաև հաշմանդամների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելուն ուղղված 2013թ. կատարված ծրագրերը՝ Կամո Արեյաննվ ընդգծել է հատկապես մայրաքաղաքի փողոցներում, մայթերին, ինչպես նաև նորոգված պուրակներում թեքահարթակների կառուցումը և ընդգծել, որ առաջին անգամ համայնքային բյուջեից գումար է հատկացել, մասնավորապես, 20 մլն դրամ՝ թեքահարթակներ կառուցելու նպատակով, որի շնորհիվ 293 թեքահարթակ է կառուցվել։

Հանձնաժողովի անդամ, հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը նշել է, որ այս տարվա աշխատանքներից շահառուները գոհ են և պատրաստ են հետագա համագործակցությանը։

Հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Սամվել Մհերյանը նշել է, որ թեքահարթակների կառուցումը ներառված է քաղաքաշինական նորմերում։

«Բազմաբնակարան և բազմաֆունկցիոնալ հասարակական տիպի շենքերի նախագծման աշխատանքների համար տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքներում, որպես պարտադիր պայման, նշվում է թեքահարթակների կառուցման անհրաժեշտությունը. Հանձնման-ընդունման, փաստագրման ակտերը հաստատվում են միայն թեքահարթակների առկայության դեպքում»,- ընդգծել է շինբարեկարգման վարչության պետը։

Սամվել Մհերյանը զեկուցել է, որ 2014թ. աշխատանքներն այս տարվա ծրագրի համեմատ կրկնակի են լինելու և հաշմանդամների շահերը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին է հանձնել 197 փողոցներից բաղկացած նախնական ցանկը՝ սահմանված ժամկետում քննարկելու և առաջարկներ ներկայացնելու համար։

«Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը գույքագրելու է առկա թերությունները, եթե դրանք կան, որպեսզի անհապաղ շտկվեն։ 2014թ. բյուջեի նախագծի քննարկման և հայտավորման ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ կրկնապատկվել են թեքահարթակներին տրամադրվող ֆինանսական ծավալները, և այս տարի մենք բյուջեում նախատեսում ենք 40 մլն դրամ, քանի որ թեքահարթակների կարիք կա բոլոր վարչական շրջաններում։ Այսպիսի ֆինանսական ռեսուրսով կունենանք բավականին լավ ծրագիր։ Քաղաքապետի հանձնարարությամբ հրավիրելու ենք հաշմանդամություն ունեցող անձանց շահերը ներկայացնող ՀԿ-ներին, քննարկվելու է ամբողջ ծրագիրը, լսելու ենք կարծիքները, առաջարկությունները. որևէ մրցույթ մենք չենք հայտարարելու, մինչև ձեզ ներկայացված ցանկը չհամաձայնեցվի ձեզ հետ։ Սա հասցեագրված ծրագիր է, կարևոր են ձեր նկատառումները, ցանկությունները։ Խնդրում ենք սահմանված ժամկետում քննարկել, հանդես գալ առաջարկություններով»,- ասել է Կամո Արեյանը։

Նիստի օրակարգում ներկայացվել է նաև ներառական կրթության համեմատական աճի ցուցանիշները։ Հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ բարելավվել են ներառական կրթության պայմանները, ինչի շնորհիվ 2013թ. հաշմանդամություն ունեցող 1235 երեխաներ են հաճախում Երևանի հիմնական դպրոցներ։

Մեկնաբանել