Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վստահ է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը ԵՄ-ին անդամակցության համար նախապայման կդառնա:
Այսպիսի հայտարարություն վարչապետն արել է Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի կապակցությամբ արված տեսաուղերձում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: Գագաթաժողովը, որի ընթացքում նախատեսվում է Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, Ղարիբաշվիլին պատմական է անվանել: Նախաստորագրումից հետո նախատեսվում է 2014թ․սեպտեմբերին համաձայնագիրը ստորագրել:
«Նախատորագրմամբ մենք սկսում ենք իրական ինեգրումը Եվրամիություն: Ես հավատում եմ, որ այս գործընթացը կավարտվի ԵՄ-ին Վրաստանի անդամակցությամբ: Սա մեր պատմական ընտրությունն է , որն այլընտրանք չունի: ԵՄ-ին ինտեգրումը միակ ճանապարհն է, որը Վրաստանին հնարավորություն կտա դառնալ եվրոպական երկիր»,- ասել է Ղարիբաշվիլին:
Նա ընդգծել է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի կարևորությունը՝ նշելով, որ դա Վրաստանի համար ճանապարհ կբացի դեպի Եվրամիության շուկաներ, ինչպես նաև Վրաստանում ներդրումների ավելացման ծանրակշիռ նախապայման կդառնա:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրամիության հետ համագործակցության համար:
Վրաստանի պատվիրակությունը Վիլնյուսում գլխավորում է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: