Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 17-ին կմեկնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը, այս մասին Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ ամփոփելով Իրան կատարած իր այցը:
Դավութօղլուն, մասնավորապես, թվիթերի իր էջում գրել է, որ Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Հասան Ռոհանիի հետ և նրան փոխանցել նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը: «Ակնակլում ենք, որ դեկտեմբերի 17-ին Ռոհանին կժամանի Թուրքիա»,- գրել է Թուրքիայի արտգործնախարարը:
Նա նշել է նաև, որ Իրանի նախագահը Թուրքիայում մասնակցելու է Ջալալեդդին Ռումիի մահվան օրվան նվիրված արարողություններին: Ջալալեդդին Ռումին 13-րդ դարի իրանական մշակույթի նշանավոր ներկայացուցիչներից է, սուֆի մեծ բանաստեղծ ու մտածող, որը գործունեություն է ծավալել նաև ժամանակակից Թուրքիայի տարածքում: