Վարդգես Գասպարին բանակի խնդիրների կապակցությամբ ակցիա է իրականացնում կառավարության շենքի դիմաց, 2012թ.
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նոյեմբերի 28-ի կեսօրից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց 24-ժամյա հացադուլ և նստացույց է սկսել՝ պահանջելով, որ պաշտպանի աշխատակազմը հրապարակի իրեն օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու կապակցությամբ ունեցած ամբողջ տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում են օմբուդսմենի գրասենյակից, պաշտպանի աշխատակազմը ժամանակին Վարդգես Գասպարիին ուղարկել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ամբողջական տեղեկատվությունը ոստիկանությունից ստացված պատասխանների վերաբերյալ: Նոյեմբերի 28-ին նրան նաև առձեռն տրամադրվել են արդեն իսկ ուղարկված փաստաթղթերի պատճենները:
Պաշտպանի գլխավոր խորհրդական Ռուբեն Մարտիրոսյանը զրուցել է Վարդգես Գասպարիի հետ, հրավիրել ընդունարան, սակայն նա հրաժարվել է: Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Պաշտպանի գլխավոր խորհրդականը քիչ առաջ մուտքի մոտ ժամանած ոստիկաններին հորդորել է չխոչընդոտել պարոն Գասպարիի նստացույցին՝ համարելով, որ դա նրա իրավունքն է և բողոքը արտահայտելու նրա նախընտրած տարբերակը: