Ուկրաինան մտադիր է Մաքսային միության երկրների հետ փոխշահավետ հարաբերություններ կառուցել. Ռադայի խոսնակ

Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հայտարարում է, որ Ոկրաինան մտադիր է Մաքսային միության երկրների հետ հարաբերությունները կառուցել փոխշահավետ հիմքով, հաղորդում է ուկրաինական «Ունիան» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը տեղեկացրել են Գերագույն ռադայի մամուլի ծառայությունում, Ռիբակն այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել նոյեմբերի 28-ին՝ ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի աշխատանքների շրջանակում, Սանկտ Պետերբուրգում:

«Ուկրաինան մտադիր է Մաքսային միության երկրների հետ իր հարաբերությունները կառուցել բարիդրացիական և փոխշահավետ հիմքով, ինչպես նաև իրականացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում ընդունված պայմանավորվածություններն ու նախատեսված ծրագրերը»,- ասել է Ռիբակը:

Նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման (որը նախատեսված էր Արևելյան գործընկերության՝ Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին տեղի ունեցող գագաթաժողովին) նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին, ինչին հաջորդեցին և դեռևս չեն դադարում եվրաինտեգրման աջակիցների բազմահազարանոց ցույցերը: Ուկրաինայի կառավարությունն իր այս որոշումը պայմանավորեց Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությամբ: Ընդ որում՝ Ուկրաինայի իշխանությունները հայտարարում են, որ երկրի եվրաինտեգրման ուղեգիծը անփոփոխ է մնում:

Միաժամանակ Ուկրաինային հրավիրում են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն:

Մեկնաբանել