Հայաստանի որոշումը հիասթափեցնող էր. Միացյալ Թագավորության` Եվրոպայի հարցերով նախարար

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի գծով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը հոդված է հրապարակել Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը ընթացող Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի վերաբերյալ: Պետնախարարի «Բարգավաճ և կայուն Արևելյան Գործընկերությունը բխում է բոլորի շահերից» վերնագրով հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Եվրամիության արևելյան հարևանները Եվրոպայի անբաժանելի մասն են: Նրանք ընդհանրություններ ունեն Եվրոպայի պատմության և մշակույթի հետ և որպես ինքնիշխան պետություններ ձգտում են կառուցել անկախ և բարգավաճ ապագա՝ ձերբազատված արտաքին ճնշումներից և ազդեցությունից: ԵՄ-ի համար նրանց կարևորությունն անհերքելի է:

1991-ից ի վեր Արևելյան Եվրոպան դարձել է բազմաթիվ արմատական փոփոխությունների ականատեսը: Ժողովրդավարության տարածումը, բաց շուկայական տնտեսությունները և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը փոխել են քաղաքական լանդշաֆտը: Լրացուցիչ ջանքեր են պահանջվում՝ ամրապնդելու և զարգացնելու այն բարեփոխումները, որոնք ձեռնարկվել են մինչև հիմա: Եվ ի աջակցություն այս փոփոխություններին` ԵՄ-ն առաջարկել է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, ներառելով Խոր և համապարփակ ազատ առևտրի ոլորտները. այս համաձայնագրերը հնարավորություն են տալու այդ տարածաշրջանի ընկերություններին աճել` զարգացնելով առևտուրը աշխարհի ամենամեծ շուկայի հետ:

Վիլնյուսում Եվրամիության երկրների ղեկավարները հանդիպում են մեզ ամենամոտ արևելյան հարևանների ներկայացուցիչների հետ: Այս գագաթաժողովին նախատեսվում է, որ Վրաստանը և Մոլդովան կնախաստորագրեն Ասոցացման համաձայնագրերը` այսպիսով ԵՄ-ի հարաբերությունները կարևոր գործընկերների հետ նոր փուլ բերելով և ընդունելով նրանց ստանձնած կարևոր հանձնառությունները, ինչպես նաև այն գործողությունները, որ նրանք ձեռնարկել են` պատրաստվելով դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին:

Հայաստանը որոշում է կայացրել չմիանալ Մոլդովային և Վրաստանին` Վիլնյուսում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը: Սա հիասթափեցնող հանգամանք է: Միացյալ Թագավորությունը կցանկանար տեսնել, թե ինչպես են Հայաստանը և ԵՄ համագործակցում` շարունակելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը և զերծ մնալով արտաքին ճնշումներից:

Մենք անհամբերությամբ սպասում ենք ԵՄ-ի` Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելուն, և հուսով եմ, որ հնարավոր է նոր թափ հաղորդել Ասոցացման համաձայնագրին միտված բանակցություններին: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կբարելավվեն ԵՄ-Բելառուս հարաբերությունները. սա Բելառուսի հայեցողությամբ որոշվող հարց է, և ես շարունակում են հորդորել Բելառուսին` իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները սա իրականություն դարձնելու համար:

ԵՄ-ի դուռը բաց է, և սա է մեր ուղերձը նաև Ուկրաինային:

Խիստ հիասթափեցնող էր Ուկրաինայի կառավարության` անցյալ շաբաթ արած հայտարարությունը Ասոցացման համաձայնագրի ստորագրումը հետաձգելու մասին: Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ուկրաինայի կառավարությունը կվերսկսի իր նախապատրաստական գործողությունները` շուտով ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Ես հորդրում են նրանց` չկորցնել անգամ մեկ ակնթարթ` երկրին անհրաժեշտ բարեփոխումներն ուժի մեջ դնելու համար: Ուկրաինայի ղեկավարությունը կանգնած է պատմական ընտրության առաջ` ընդունելու եվրոպական ապագայի երկարաժամկետ տեսլականը և դրանից բխող բարգավաճությունը և կայությունը կամ հետ շրջելու ժամանակի սլաքները և հեռանալու աշխարհի ամենամեծ և ամենահաջողված առևտրային դաշինքից:

Ոչ ոք չի վիճում, թե փոփոխությունները կամ արդիականացումը հեշտ կամ արագ գործընթաց է: Սակայն այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են Լեհաստանը, մերձբալթյան պետությունները, Սլովակիան և Սլովենիան ցույց են տալիս, որ այդ ամենը կարելի է բարեհաջող իրականացնել՝ քաղաքական կամքի առկայության դեպքում: Իսկ Ասոցացման համաձայնագրերի ազդեցության վերաբերյալ լուրջ ուսումնասիրությունները վկայում են, որ այսպիսի համաձայնագրերը իրական հնարավորություն են ընձեռում` բարձրացնելով այս տարածաշրջանների կենսամակարդակը` հասցնելով այն հարևաններին:

Արևելյան գործընկերության երկրների բարգավաճությունը և կայունությունը բխում է բոլորի շահերից: Դեպի Արևմուտք բացված դուռը չի փակում դեպի արևելք տանողը: Արևելյան գործընկերությունը շահեկան է թե՛ տարածաշրջանի, թե՛ նրա հարևանների համար:

Վիլնյուսում ԵՄ-ն ի ցույց է դնում Արևելյան գործընկերության նկատմամբ ստանձնած իր հանձնառությունը: Արևելյան գործընկերությունը պարզապես հայեցակարգ կամ լոզունգ չէ ՄԹ-ի կամ ԵՄ-ի համար: Այն ԵՄ-ի կողմից իր արևելյան գործընկերների, նրանց տնտեսական բարգավաճության և նրանց ապագայի վերաբերյալ ստանձնած հանձնառության արտահայտումն է: Ասոցացման համաձայնագրերը հույս են հաղորդում տարածաշրջանին, որ ԵՄ-ի տնտեսական բարգավաճությունը և կենսամակարդակը կարող են նաև իրենցը լինել: Սրա համար ժամանակ կպահանջվի, և ոչ ոք չի անտեսում առկա մարտահրավերները, սակայն այս համաձայնագրերը ցույց են տալիս, որ փոփոխության պահին ԵՄ-ն կանգնած է Ձեր կողքին:

Մեկնաբանել