Արևելյան գործընկերության երկրների հետ համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությունը Վիլնյուսում նոյեմբերի 28-ից ընթացող գագաթաժողովի շրջանակում ավարտվեց առանց Ուկրաինայի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման:
Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրեցին ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, Ադրբեջանն ու ԵՄ-ն այցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր ստորագրեցին:
Ակնկալվում էր, որ Ուկրաինայի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը պետք է դառնա նոյեմբերի 29-ին ավարտվող գագաթաժողովի գլխավոր ձեռքբերումը: Սակայն նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքների դադարեցման մասին, ինչին հաջորդեցին և դեռևս չեն դադարում եվրաինտեգրման աջակիցների բազմահազարանոց ցույցերը: ԵՄ առաջնորդները մինչև վերջին պահը հայտարարում էին, որ Ուկրաինայի առջև դռները դեռ բաց են:
Հայաստանը նույնպես որևէ փաստաթուղթ չստորագրեց:
2013թ. սեպտեմբերի 3-ին ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մոտ 4 տարի տևած բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը: