Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 29-ին Դիլիջանում մասնակցել է Բիզնես ինովացիոն ֆորումի բացմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
Տիգրան Սարգսյանի խոսքով` այսօր ՏՏ ոլորտը Հայաստանում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի 7 հազ. մասնագետ, որոնք ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ` ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարղությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում Հայաստանն արձանագրել է 28 տոկոսի աճ:
«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին, դա կադրերի պատրաստման խնդիրն է: ՏՏ-ն մեր առջև խնդիր է դնում, որպեսզի պետությունը ոլորտին տարեկան ապահովի 2 հազ. մասնագետներ, ակնհայտ է, որ ապագայում էլ պահանջարկն ավելանալու է: Դա նշանակում է, որ բուհերում ուսանողական տեղերի պլանավորման ուղղությամբ էապես պետք է շեշտադրումները փոխենք: Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք` դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ: Պետական բյուջեի միջոցներն ուղղելու ենք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը»,- ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ն հաջողություններ է արձանագրել նաև ՏՏ ոլորտի միջազգային մասնագիտացման ուղղությամբ: Մասնավորապես, Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ կա մի սանդղակ, որտեղ ՀՀ-ն դրսևորել է իր առավելությունը. ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության՝ չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը:
Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսության մեջ ՏՏ տեսակարար կշռի ավելացումը հանգեցրել է նրան, որ փուլ առ փուլ աշխատանքի մասնագիտացման ոլորտում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ. աշխարհը մտել է աշխատանքի բաժանման նոր փուլ, ձևավորվոմ են միասնական տեխնոլոգիական պլատֆորմեր, որոնք էլ թելադրում են արդյունավետ ճյուղերի զարգացման հեռանկարները: «Դրանք փոխում են տնտեսական զարգացման տեսակները և շատ մասնագիտություններ այսօր դառնում են ոչ հեռանկարային, իսկ նոր մասնագիտությունները խիստ պահանջված են: Այսօր ԵՄ-ում թիվ մեկ խնդիրը գործազրկությունն է, սակայն միևնույն ժամանակ ՏՏ ոլորտում կան միլիոնավոր թափուր աշխատատեղեր: Նոր տեխնոլոգիաները փոխում են ոչ միայն կենցաղը, այլև տնտեսության հիմքերը: Ըստ առաջ քաշվող հիպոթեզի՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը կավարտվի այն ժամանակ, երբ Եվրոպայում կձևավորվի տեխնոլոգիական նոր պլատֆորմ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ մրցակցությունն այսօր տեղափոխվել է ՏՏ ոլորտ, որովհետև այն մնացած բոլոր ճյուղերի համար ապահովում է արտադրողականության աճ, այն ոլորտները, որոնք հետ են մնում ՏՏ-ի ներդրումից, կորցնում են իրենց մրցակցային առավելությունները: Միևնույն ժամանակ վարչապետը նկատել է, որ ՏՏ-ի միջոցով արտադրողականության բարձրացումը բերում է աշխատատեղերի կրճատմանը:
Եռօրյա ֆորումին մասնակցում են բարձր տեխնոլոգիական ոլորտի և տեխնոլոգիական ներդրումներով հետաքրքրված այլ ոլորտների շուրջ 120 ներկայացուցիչներ:
Ֆորումի ընթացքում կքննարկվեն տեխնոլոգիական լուծումներն արդյունաբերության, էներեգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և հանքարդյունաբերության համար, էլեկտրոնային առևտրի զարգացման միտումներն ու հնարավորությունները:
Լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կենսաթոշակային կուտակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հարցին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այն մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ: «Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում», – ասել է Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով, որ համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունն զգաց դրա ներդրման արդյունավետությունը: