Սերժ Սարգսյանը Վիլնյուսում հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել: Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, քիչ առաջ ավարտվել է հանրապետության նախագահի հանդիպումը Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին` ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Մեկնաբանել