Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Համաշխարհային բանկի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի խմբի ղեկավար Նիկոլաս Ահյուսուսի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են գյուղնախարարության մամուլի ծառայությունից:
Սերգո Կարապետյանը նշել է, որ կարևորում է ՀԲ-ի ներկայացուցիչների ուշադրությունը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման ողջ ընթացքի նկատմամբ: «Այս ծրագիրը գյուղացիական տնտեսությունները մեծ ոգևորությամբ են ընդունել, որին ականատես ենք եղել մարզեր այցելելու ժամանակ: Ծրագիրը խթանել է նաև անասնապահության զարգացմանը, որի արդյունքում անասնագլխաքանակի 20 տոկոս աճ է արձանագրվել»,- ասել է նախարարը:
Նիկոլաս Ահյուսուսին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ միշտ հաճույքով է գալիս Հայաստան և այս անգամ երկու կարևոր նորություն է փոխանցելու:
«Համաշխարհային բանկը գոհ է ծրագրի իրականացման արդյունքից և հաստատել է երկրորդ ծրագիրը, որը կապահովի «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շարունակականությունը»,- նշել է խմբի ղեկավարը:
Հանդիպման ավարտին գյուղնախարարը համոզմունք է հայտնել, որ նման հանդիպումները նոր թափ են հաղորդում ծրագրի ընթացքին: