Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցությունը նախագահի արտահերթ ընտրություններ է պահանջում

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցությունը Կիևի կենտրոնում բողոքի ակցիաները ցրելու հետ կապված մտադիր է հասնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այդ մասին հայտարարել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ, բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն:

Ռադայի հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2017 թ., իսկ Ուկրաինայի նախագահի ընտրությունները՝ 2015թ.: «ՈւԴԱՌ»-ը Ռադայում զբաղեցնում 42 աթոռ (450-ից):

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության «Բերկուտ» հատուկ ջոկատը շաբաթ օրը ցրել է Կիևի կենտրոնի «Եվրամայդանը»: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 35 մարդ է ձերբակալվել, որոնց համար կազմվում են վարչական արձանագրություններ: Լրատվամիջոցները հաղորդում են 40 վիրավորի մասին: Ոստիկանությունը ճշտում է այդ տվյալները:

«Հաջորդ շաբաթվանից խորհրդարանի աշխատանքն արգելափակվելու է: Մենք հնարավորություն չենք տա այս իշխանությանը հակաժողովրդական որոշումներ կայացնել»,- Կլիչկոյի խոսքերն է մեջբերել «ՈւԴԱՌ»-ի մամուլի ծառայությունը:
Կլիչկոյի խոսքով՝ եվրոպական երկրում իշխանությունների նման արձագանք հնարավոր չէր լինի: «Դիմելով «մայդանը» բռնի ուժով ցրելու քայլին՝ Յանուկովիչն ինքն իր ձեռքով ստորագրեց իր դատավճիռը»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ընդդիմությունը պահանջում է կառավարության և առաջին հերթին՝ ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի հրաժարականը:

Կիևի կենտրոնում ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը դատապարտել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը: ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ցուցարարների նկատմամբ ուժ չկիրառել և հարգել կարծիքի ու հավաքների ազատությունը: Վերջինս Twitter-ի իր էջում գրել է. «Ուկրաինա. Իշխանությունները չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, սակայն նրանք չպետք է զերծ մնան հավաքների ազատությունն ու կարծիքը հարգելուց»:

Ուկրաինայում բողոքի ակցիաներն ու ցույցերը սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։

Մեկնաբանել