Դեկտեմբերի 2-3-ը Գյումրիում և Երևանում կայանալիք հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության շուրջ երկու տասնյակ տարածաշրջանների պատվիրակություններ, որոնցից 9-ը ղեկավարում են նահանգապետները:
Ինչպես հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից, պատվիրակությունների մի մասն արդեն Հայաստանում է և նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին հանդիպումներ են ունեցել մարզերում, հայաստանցի գործընկերների հետ քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները:
Նոյեմբերի 30-ին Արխանգելսկի և Նիժեգորոդսկի մարզերի պատվիրակությունները հանդիպումներ են ունեցել Վայոց ձորի, Ստավրոպոլի երկրամասի պատվիրակությունը` Լոռու մարզում: Փոխգործակցության խորացման հարցեր են քննարկվել Սյունիքի ու Արարատի և համապատասխանաբար Վոլգոգրադի ու Ռոստովի մարզերի միջև:
Առաջիկայում ևս կշարունակվեն Ռուսաստանի տարածաշրջանների պատվիրակությունների հանդիպումները հայաստանցի գործընկերների հետ: