Լուսանկարում՝ Ուկրաինայի ԱԳՆ շենքը (wikimedia.org):
Ուկրաինայի պատվիրակությունը առաջիկա օրերին կմեկնի Բրյուսել, որպեսզի վերսկսի Եվրոպական Միության հետ բանակցությունները՝ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու շուրջ: Այս մասին կիրակի հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը:
Նա նշել է, որ «ծրագրվում է քննարկել գազի գնի և միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական օգնության հարցեր»: «Կողմերը նաև պետք է քննարկեն Ուկրաինայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառության նվազման խնդիրը»,- ասել է նախարարը: Նա չի նշել, թե բանակցություններն ինչ ձևաչափով կընթանան:
Ակնկալվում էր, որ ԵՄ Արևելյան գործընկերության երեք երկրներ՝ Վրաստանը, Մոլդովան և Հայաստանը, շուրջ չորս տարվա բանակցություններից հետո նոյեմբերի 29-ին Վիլնյուսի գագաթաժողովում Եվրոպական Միության հետ կստորագրեին Ասոցացման համաձայնագիր և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր: Սեպտեմբերի 3-ին Հայաստանը անսպասելիորեն հայտարարեց, որ որոշել է միանալ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը փաստացի նշանակում էր հրաժարում եվրոպական ասոցացումից:
Ակնկալվում էր նաև, որ Վիլնյուսի գագաթաժողովին Ուկրաինան ԵՄ-ի հետ այդ փաստաթղթերը կստորագրի: Գագաթաժողովից ընդամենը օրեր առաջ Ուկրաինան կասեցրեց դրանց ստորագրման գործընթացը: Ուկրաինայի իշխանությունների որոշման դեմ Կիևում և այլ քաղաքներում բողոքի բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում: