Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ին Երևանում ներկա է եղել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ խաչ» հուշարձանի բացման արարողությանը, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հուշարձանը բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997թ. տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում` «Նիկիտյան դարպասներ»-ի պուրակում: Հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, ճարտարապետները՝ Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:
«Միացյալ խաչ» հուշարձանը կերտված է սպիտակ մոխրագույն գրանիտից, ունի 4,5 մ բարձրություն և ներկայացնում է հայ և ռուս ժողովուրդները խորհրդանշող կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև և այդ խոնարհումով միաժամանակ պաշտպանում են խաչը: