Ցույց` Պուտինին ընդառաջ

Ոստիկանները փակում են դեպի Բաղրամյան տանող բոլոր ճանապարհները. այս մասին հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը Հյուսիսային պողոտայից, որտեղ այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ` «Արժանապատիվ հայրենիք» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնությամբ, բողոքի ակցիա են անցկացնում` ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի: Ակցիան ժամը 13:00-ին մեկնարկել է Ազատության հրապարակից. այն պետք է անցներ Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով` դեպի Բաղրամյան 26: Մասնակիցները պարզել են պաստառներ` «Լենին+աթաթուրք=պուտին+սերժ», «Սա դեռ Շանթն էր, կայծակը մենք ենք», «Ստոպ Ռուսաստան», «1920 դեկտեմբերի 2-ը չի կրկնվի», «Դեմ ենք Մաքսային միությանը» գրություններով: Նրանք հիմնականում վանկարկում են «Սերժիկ, հեռացիր»:

Հյուսիսային պողոտայում ոստիկանները սակայն կանգնեցրին ակցիայի մասնակիցներին: Նրանք երկու շարքով փակել էին Հյուսիսային պողոտա-Աբովյան հատվածը, և երթը կանգնեցվել էր: Սակայն «Ժառանգության»անդամ Արմեն Մարտիրոսյանը բանակցեց ոստիկանների հետ, որից հետո ցուցարարները կարողացան շարունակել ակցիան Աբովյան փողոցով: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ոստիկանները խոչընդոտում են ոչ միայն ակցիայի մասնակիցների, այլև անկախ քաղաքացիների և լրագրողների աշխատանքը:

Ակցիայի մասնակիցների թվում են նաև մի շարք մտավորականներ` Վահրամ Մարտիրոսյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Սարհատ Պետրոսյանը, Էդգար Վարդանյանը, փաստաբան Լուսինե Հակոբյանը:

Մեկնաբանել