Թուրքերը քննարկում են` թուրք ազգ կա՞, թե՞ չկա

Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին «թուրք ազգին ուղղված ամենածանր հայհոյանքն է» համարել կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական կոմիտեի և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի անդամ Յասին Աքթայի այն հայտարարությունը, թե «թուրք կոչվող ազգ գոյություն չունի»:

Բայբուրթի (Բաբերդ) համալսարանում կազամակերպված «Եգիպտոսն ու Սիրիան նոր Մերձավոր Արևելքի առանցքում» համաժողովի ժամանակ Աքթայը հայտարարել է. «Հենվելով միայն թուրքերի վրա՝ Թուրքիան բաժանման կտանենք, Թուրքիայում ապրող մյուս ազգությունները դժգոհ կմնան»: Ըստ նրա՝ շատ կարևոր է քաղաքացիությունը հիմք ընդունելով՝ իրականացնել նոր ազգի և Թուրքիայի քաղաքացի լինելու սկզբունքի ձևավորումը: «Մեզ ասել են, որ մենք թուրք ենք: Ի՞նչ ասել է թուրք լինելը: Ասում են Միջին Ասիայից ենք եկել: Տեսնես մեր պապերից քանի՞սն են Միջին Ասիայից եկել: Նայենք իրականությանը. մի՞թե այդպես է տեղի ունեցել»,- ասել է Աքթայը՝ նկատի ունենալով զտարյուն թուրք լինելու անհավանականությունը, և բացատրել է, որ «թուրք կոչվածը սինթեզ է ու թուրք ազգ չկա»:

«Ոք ոք չի կարող ասել, թե «թուրք ազգ չկա», իսկ ասողին անպայման դժբախտություն կպատահի, իր կերածը կոկորդում կմնա, և մոտ ապագայում թուրք ազգից կստանա իր պատասխանը»,- հայտարարել է ազգայնական կուսակցության ղեկավարը:

Բահչելին անբարոյականություն և խայտառակություն է համարել Աքթայի հայտարարությունը, քանի որ այն մերժում է թուրքականությունը (թուրքիզմը) և ասում, որ թուրք ազգ գոյություն չունի: Այս ամենը Բահչելին համարում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտածողության հետևանքը:

Բահչելին նշել է, որ Էրդողանը կորցրել է խելքն ու ինքնատիրապետումը և հարձակվել է ազգային արժեքների վրա: «Փառք Աստծո, երջանիկ ենք ու հպարտ թուրք մեծ ազգի մասնիկը լինելու համար, և Էրդողանի հայտարարությանը հակառակ՝ մենք ամեն տեղ ենք, մեր երկրի ամեն անկյունում»,- եզրափակել է Դևլեթ Բահչելին:

Այս համատեքստում հետաքրքիր է Գազի համալսարանի դասախոս Ջեմալեթին Թաշքըրանի հայտարարությունն այն մասին, որ օսմանյան ժամանակաշրջանում «թուրք» բառը նսեմացուցիչ է եղել, և որ շատ տարածված էին «էշ թուրք», «անհասկացող թուրք» արտահայտությունները: «Եթե այսօր մենք թուրք ասելով հպարտանում ենք, ապա դրա համար պարտական ենք Աթաթուրքին»,- ընդգծել է Թաշքըրանը:

«Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալու առաջին իսկ օրվանից ակնահայտ էր, որ այն քաղաքացիական համակեցության նոր սկզբունք է մշակելու, որի հիմքում ընկած պետք է լիներ ինչպես օսմանյան ժամանակաշրջանի մոդելը, այնպես էլ ԱԶԿ-ին հոգեհարազատ իսլամական գաղափարախոսության բնորոշ տարրերը: Դրանով կարծես թե երկրորդ պլան են մղվում բուն թուրքիզմի գաղափարախոսությունը և Աթաթուրքի սկզբունքները: «Ազգայանկան շարժումը» և Մուստաֆա Քեմալի հիմնադրած, այժմ ընդդիմադիր Ժողովրդահանարապետական կուսակցությունը դեմ են հանդես գալիս ԱԶԿ-ի այս քաղաքականությանը: Այս պայմաններում առաջիկայում մենք հավանաբար ականատես կլինենք նոր ինքնության ձևավորման պայքարին:

Գոռ Երանյան

Մեկնաբանել