ՆԱՏՕ-ն քննադատում է Ուկրաինայում «անհամաչափ ուժի կիրառումը»

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները քննադատել են Ուկրաինայում «խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը»։

Բրյուսելում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած հանդիպումից հետո նրանք ընդունել են համատեղ հայտարարություն, որում բոլոր կողմերին կոչ են արել զերծ մնալ սադրանքներից ու բռնությունից՝ պահանջելով Ուկրաինայից՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ, հարգել հավաքների և ինքնարտահայտման ազատությունները, նախաձեռնել քաղաքական երկխոսություն և բարեփոխումների գործընթաց սկսել։

Փաստաթղթում նաև նշված է, որ ազատ, ժողովրդավար ու անկախ Ուկրաինան եվրատլանտյան անվտանգության առանցքային գործոն է։

Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և ցույցեր, որոնք սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում։

Մեկնաբանել