Ազգային ժողովի դիմաց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու պահանջով դեկտեմբերի 4-ին ակցիա իրականացնող երիտասարդների հետ հանդիպման դուրս եկան խորհրդարանական չորս խմբակցությունների` ՀՅԴ-ի, «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» ներկայացուցիչները: Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը, նրանք նշեցին, առաջիկա օրերին այս հարցով կդիմեն Սահմանադրական դատարան:
Դեկտեմբերի 4-ին կայացած քվեարկության ընթացքում խորհրդարանը ձայների 46 կողմ, 54 դեմ հարաբերակցությամբ մերժեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությունը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը նշեց, որ դժվարին պայքար է սպասվում, և «ակցիայի մասնակիցների շնորհիվ է, որ առաջարկին 46 պատգամավոր կողմ է քվեարկել»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ Սահմանադրական դատարան դիմելուց հետո հաջորդ քայլը լինելու է հանրահավաքի կազմակերպումը չորս խմբակցությունների և շահագրգիտ բոլոր անձանց մասնակցությամբ:
Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են օմբուդսմենի գրասենյակ` կոչ անելով մարդու իրավունքների պաշտպանին միանալ իրենց պահանջին և դիմել ՍԴ, այնուհետ շարժվել դեպի կառավարություն` վերջինիս ներկայացուցիչներին ասելու «ամոթ»: