Լուսանկարում` Քրդստանի համայնքների միության համանախագահ Ջեմիլ Բայըքը
Թուրքիայում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) պատերազմից բացի այլ ճանապարհ չի թողել, և եթե կառավարությունն այսպես շարունակի, անպատճառ պատերազմ կլինի. Yüksekova Haber-ին տված ընդարձակ հարցազրույց նման հայտարարություն է արել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքական թևի (KCK – Քրդստանի համայնքների միության) համանախագահ Ջեմիլ Բայըքը:
«Կրկնում եմ` պատերազմ չսկսելու համար անհրաժեշտ է, որը ԱԶԿ-ն ընդունի մեր պայմաններն ու բանակցություններ սկսի, իսկ բանակցությունների համար մենք երեք պահանջ ենք ներկայացրել: Առաջին` բարելավել Ապոյի (PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալան) բանտային պայմանները, երկրորդ` Օջալանի հետ հանդիպումներն իրականացնել օրինական պայմաններում, երրորդ՝ բանակցություններն իրականացնել երրորդ կողմի դիտորդական առաքելության պայմաններում»,- հայտարարել է Բայըքը:
Նրա խոսքով` իրենք մինչև գարուն ժամանակ են տալիս. իրենց պահանջների ընդունման դեպքում խաղաղության գործընթացը առաջ կընթանա: Բայըքը քննադատություն է հնչեցրել կառավարության հասցեին, որը համառորեն ցանկանում է տարանջատել քրդական հարցն ու PKK-ն: Ջեմիլ Բայըքը սպառնացել է` ասելով, որ եթե այս պայմանները չընդունվեն, կառույցն իր զինյալ ուժերը Հյուսիսային Իրաքից կտեղափոխի Թուրքիա, որտեղ և կսկսվեն ռազմական գործողությունները:
Թուրքական թերթերից Zaman-ը, փորձելով սրել հակաքրդական տրամադրությունները երկրում, գրում է, թե ահաբեկիչ Բայըքը Թուրքիայի հասցեին սպառնալիքներ է հնչեցնում ու նրա առջև մինչև գարուն ժամանակ է սահմանում:
Թուրքական մեկ այլ թերթ` Milliyet-ը, ուշադրություն է հրավիրում Քրդստանի համայնքների միության համանախագահի հայտարարության վրա, թե գյուլենական համայնքը չի ցանկանում լուծել քրդական հարցը: Նա նաև դրական է արտահայտվել Թուրքիայում սկսված այն քննարկումների վերաբերյալ, որոնց համաձայն` փակվելու են Թուրքիայում գործող ու համալսարանի ընդունելության նախապատրաստող դպրոցները, ինչը գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակասությունների հիմնական պատճառն է: Բայըքը նշել է, որ Գյուլենին պատկանող վերոնշյալ դպրոցներում փորձ է արվում ձուլել քրդերին:
Բայըքի հարցազրույցում ակնհայտորեն դրսևորվել են ներքրդական պայքարում առկա տարամետ դիրքորոշումներն ու տարաձայնությունները: Մասնավորապես` Բայըքը Սիրիայի քրդերի համար վիրավորական է համարել Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հայտարարությունն առ այն, թե Ռոժավայում (այդպես են անվանում քրդերը Սիրիայի քրդաբնակ շրջանները) հեղափոխություն չկա` այդպիսով իր բացասական դիրքորոշումն արտահայտելով Սիրիայի քրդերի ինքնավարության նկրտումների նկատմամբ: Բայքըն ասել է, որ Թուրքիան ցանկանում է վերացնել սիրիացի քրդերի ստատուսը, և այս պայմաններում Բարզանին չպետք է ծառայի ԱԶԿ-ի ընտրական քարոզարշավին:
Գոռ Երանյան