Շարմազանովն ու ֆրանսիացի պատգամավորները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունները

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին հանդիպում են ունեցել Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեի, բարեկամության խմբի ղեկավարի տեղակալներ Վալերի Բուայեի և Գի Տեսիեի, բարեկամության խմբի վարչական քարտուղար Ժան-Պիեռ Դելանոայի հետ:

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը` գոհունակությամբ արձանագրելով, որ Հայաստանի համար ամենաճակատագրական պահերին ֆրանսիացի ժողովուրդը միշտ եղել է հայերի կողքին: Նա բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների վաստակը միջխորհրդարանական կապերի ամրապնդման, օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, թուրքական ժխտողական քաղաքականության դեմ պայքարելու, համամարդկային արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած վճռականության համար: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել նաև Ֆրանսիայի իշխանություններին Մինսկի խմբի շրջանակում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար՝ հավաստիացնելով, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը եղել և մնում են բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակիցներ:

Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռընե Ռուքեն հավաստել է, որ երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները հավատարմության ու շարունակականության ոգով են ընթանում, և դա է փաստում այն հանգամանքը, որ Ֆրանսիայում իշխանության փոփոխությունները երբեք չեն անդրադառնում երկու բարեկամ երկրների կայուն հարաբերությունների վրա:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու զարգացման խնդիրը, քննարկվել նաև Ֆրանսիայում հայկական սփյուռքի գործունեությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի ապաշրջափակմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել