Բողոքի երթ-ակցիա հեծանիվներով` դեկտեմբերի 7-ին

«Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը դեկտեմբերի 7-ին կազմակերպում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա հեծանիվներով:

Դրոշներով հեծանվաերթը կմեկնարկի ժամը 12:00–ին Ազատության հրապարակից և Երևանի կենտրոնական փողոցներով կշարունակվի դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետ ակցիայի մասնակիցները կվերադառնան Ազատության հրապարակ:

Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ: Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Միաժամանակ` շուրջ 400-500 քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ շենքի դիմաց: Նրանք երթով շարժվել էին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև կառավարության շենք:

Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա էր կազմակերպել կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խումբն այս պահին ունի 17,525 անդամ:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Մեկնաբանել