Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է ԵԱՀԿ-ի նախարարական հանդիպմանը

Կիևում դեկտեմբերի 5-ին մեկնարկել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանը, որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, նստաշրջանին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 57 երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Դեկտեմբերի 5-ի առավոտյան Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի 20-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը։ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել «Հելսինկի+40» գործընթացի վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոյաի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Ֆինլանդիայի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ։

Կիևում արտգործնախարարը հանդիպում է ունեցել Իսրայելի փոխարտգործնախարար Զեև Էլկինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, մտքեր փոխանակել արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների ակտիվացման, միջխորհրդարանական կապերի խորացման, իրավապայմանգրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական համագործակցության, տուրիստական փոխանակումների խթանման վերաբերյալ։

Էդվարդ Նալբանդյանի և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռանկո Կրիկովոկապիչի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում արծարծվել են ԵԱՀԿ ԽՎ գործունեությանն առնչվող հարցեր, երկուստեք նշվել է խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը։

Մեկնաբանել