Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացվի. այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը:
«Սրճարանը կլինի բացօթյա և սեզոնային»,- ասաց նա:
Հարցին, թե որքանով է կոռեկտ թանգարանի տարածքում սրճարանի բացումը, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց, որ որոշումը կայացրել է մշակույթի նախարարությունը: Որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ նա բերեց Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարան:
Վլադիմիր Պողոսյանի խոսքով` ներկայում Գառնու տաճարի ներսում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ:
«Նախատեսվում է փոխել տաճարի ներսի հատակը, որը շատ անհարմար է: Նաև հենապատ կա, որը քանդվում է, այն ևս կբարեկարգվի»,- ասաց մշակույթի նախարարության ներկայացուցիչը` հավելելով, որ տաճարի մոտ գտնվող բաղնիքի արահետը նույնպես կբարեկարգվի:
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի որոշմամբ և միջազգային մրցանակաբաշխության հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2011թ. ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան Մելինա Մերկուրի հեղինակավոր մրցանակը: Այն շնորհվում է այն անհատներին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային լանդշաֆտի պահպանման և կառավարման բնագավառում:
Անի Գրիգորյան