Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է շվեյցարացի գործընկերոջը Շվեյցարիայի համադաշնության նախագահ ընտրվելու, ինչպես նաև հունվարի 1-ից ԵԱՀԿ գործող նախագահ դառնալու կապակցությամբ։
Նախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում ԵԱՀԿ գալիք նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրված օրակարգի իրականացման գործում։
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ։
Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Այս համատեքստում զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ընդգծել տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանյերը անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին։