Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Վիկտոր Յանուկովիչը Սոչիում չեն քննարկել Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ բրիտանացի լրագրող, The Economist պարբերականի ավագ խմբագիր Էդվարդ Լուկասը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում էր կատարել այյն մասին, որ դեկտեմբերի 6-ին Սոչիում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության մասին:
«Զգալի ուշադրություն է դարձվել էներգետիկ ոլորտում համագործակցության թեմային, որի քննարկման ընթացքում կողմերը մոտեցրել են իրենց դիրքորոշումները: Սակայն վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»- նշել է Պեսկովը «Ինտերֆաքսի» հետ զրույցում: