Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ ցուցարարները չեն հասնի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականին, քանի որ դա հակասում է սահմանադրությանը հաղորդում է BBC-ն:
«Ինչի՞ դեմ եք դուք բողոքում: Դուք պահանջում եք պարզաբանե՞լ իրավապահ կառույցների գործողությունները: Մենք ասել ենք, որ համաձայն ենք: Եկեք միասին պարզաբանենք, մենք հրապարակավ ասել ենք այդ մասին: Դուք ցանկանում եք նախագահի հրաժարակա՞նը: Դա չի լինի: Դա հակասում է մեր սահմանադրությանը»,- ասել է վարչապետը:
Նա նշել է, որ այլ երկրներում ևս տեղի են ունեցել բազմամիլիոնանոց ցույցեր, սակայն այդ դեպքերում դրվել է կառավարության վստահության հարցը, և եթե այն ստանում էր վստահության քվեն, շարունակում էր իր աշխատանքը:
«Ինձ ցույց տվեք Եվրոպայում մեկ օրինակ, որտեղ ինչ-որ ցույցերի ճնշման ներքո կառավարությունը ոչ սահմանադրական ճանապարհով հրաժարական է տվել: Ամեն ինչ պետք է տեղի ունենա սահմանադրական ճանապարհով»,- հավելել է նա:
Կիևում և Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և ցույցեր։ Դրանք սկսվել են նոյեմբերի 21-ին՝ երկրի կառավարության՝ ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը դադարեցնելու որոշման ընդունումից հետո։ Դրանք նոր թափ ստացան այն բանից հետո, երբ նոյեմբերի 29-ին Ուկրաինան այդպես էլ չստորագրեց համաձայնագիրը: Նոյեմբերի 30-ի առավոտյան Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատայինները մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրեցին «Եվրամայդանը»: Սակայն դեկտեմբերի 1-ին ընդդիմությունը նորից ներխուժեց Կիևի Անկախության հրապարակ՝ չնայած այն բանին, որ Կիևի շրջանային վարչական դատարանը որոշում էր ընդունել 2013թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2014թ. հունվարի 7-ը արգելել ցույցեր անցկացնել մայրաքաղաքի կենտրոնում: