Թուրքական մամուլը շարունակում է ակտիվորեն գովաբանել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան կատարելիք այցը: Այս անգամ այցին անդրադարձել է Aksam թերթը, որի հրապարակած հոդվածն արտատպել է նաև այս օրերին հայ-թուրքական հարաբերությունների խնդրին ակտիվորեն անդրադարձող և կառավարության ձայնափողը համարվող Sabah-ը: Ընդ որում` Aksam-ը առանց որևէ աղբյուր վկայակոչելու` գրում է, թե ներկայացնում է արտգործնախարար Դավութօղլուի` Հայաստանին արվելիք առաջարկը: Ըստ պարբերականի` նախատեսված է, որ Դավութօղլուն Երևանում հանդիպելու է նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Aksam-ը գրում է, որ Դավութօղլուն Հայաստան է գալիս կոնկրետ առաջարկով (պարբերականը նույնիսկ չի խուսափում և օգտագործում է «նախապայման» բառը): Ըստ այդմ` Անկարան Երևանի առաջարկում է իր զորքերը դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաններից առնվազն երկուսից` փոխարենը խոստանալով սահմանի բացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Ավելին, ըստ Aksam-ի` թուրքական դիվանագիտական շրջանակներում Դավութօղլուի` պաշտոնական Երևանին արվելիք առաջարկությունը դիտարկվում է որպես «լավ հնարավորություն Հայաստանի համար»:
Թուրքական պարբերականը ներկայացնում է նաև, թե որքանով է շահեկան Հայաստանի համար թուրքական առաջարկի ընդունումը` կանգ առնելով տնտեսական գործոնի վրա: Ըստ թուրքական թերթի` կաճի Հայաստանի թե´ արտահանումը, թե´ ներկրումը, բացի այդ` երկիրը հնարավորության կստանա Եվրոպայից կովկասյան տարածաշրջան տեղափոխվող բեռների համար ցամաքային ճանապարհի դեր կատարել: «Ավելին, հայ-թուրքական սահմանի բացմամբ կակտիվանա երկկողմ սահմանային առևտուրը»,- գրում է թերթը:
Դեկտեմբերի 9-ին համանման բովանդակությամբ հոդված էր հրապարակել Zaman-ը, որը գրում է, թե թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման և արձանագրությունները կյանքի կոչելու համար ակնկալում է, որ Հայաստանը դուրս կբերի իր ուժերը որոշ շրջաններից:
Sabah-ն էլ ավելի վաղ գրել էր, թե հայկական կողմն արդեն տվել է իր բանավոր համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի երկու շրջաններից դուրս գալու վերաբերյալ, իսկ Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանն այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես գա: Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թուրքական թերթի այս տեղեկությունները որակել էր «անլուրջ»:
Գոռ Երանյան