Հայաստանն ակնկալում է ԵՄ-ի հետ սկսել վիզային ռեժիմի վերացման գործընթաց. Է. Նալբանդյան

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Բրյուսելում մասնակցել է Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 14-րդ նիստին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորել է ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ անցած նիստին քննարկվել է երկկողմ համագործակցության օրակարգը, ամփոփվել են այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները, «Արևելյան գործընկերություն» նախաձեռնության զարգացումները՝ Վիլնյուսի գագաթաժողովի համատեքստում, Հայաստանում իրականացվող բարեփոխումները, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությունը, այդ շրջանակում Եվրախորհրդի-Եվրամիության համագործակցությունը։

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ ընդհանուր արժեքներին, որոնք կազմում են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հիմքը:

«Հիմնվելով վերջին տարիներին համատեղ ձեռք բերված արդյունքների և առաջընթացի վրա` մենք ցանկանում ենք զարգացնել ԵՄ հետ գործընկերությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ինչն արտացոլված է Վիլնյուսյան գագաթաժողովի` Հայաստանի և ԵՄ միջև համատեղ հայտարարության մեջ, ինչպես նաև բարձր ներկայացուցիչ Էշթոնի հետ մեր փոխանակած նամակներում»,- ասել է Նալբանդյանը:

Նրա խոսքով` մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին ԵՄ-ի հետ կնքված համաձայնագրերն անցել են վավերացման գործընթացը և ուժի մեջ կմտնեն 2014թ. հունվարից: Հայաստանն ակնկալում է մեկնարկել Եվրամիության հետ համապատասխպան գործընթաց՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ, որը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ստորագրումը, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանին` մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։ Նախարարի խոսքով` Հայաստանը նաև շահագրգիռ է ԵՄ-ի հետ խորացնել ոլորտային համագործակցությունը, քայլեր ձեռնարկել առավել բարենպաստ միջավայրի կայացման համար՝ ներդրումների խրախուսման և առևտրատնտեսական կապերի ընդլայման նպատակով։

Նախարարն ընդգծել է, որ հիմնվելով համատեղ ձեռք բերված արդյունքների վրա` հարկավոր է աշխատել Հայաստան–Եվրոպական Միություն համագործակցության իրավական շրջանակը հստակեցնելու համար։

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման ուղիները։

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները` նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, նախագահների հանձնարարությամբ Կիևում դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած Հայաստանի և Արդբեջանի արտգործնախարարների քննարկումների արդյունքները:

Եվրոպացի պաշտոնյաները ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումների վերսկսումը, և վերահաստատել են աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։

Մեկնաբանել