AMR Corp. կորպորացիան, որը American Airlines ընկերության սեփականատերն է և US Airways Group Inc.-ը, որին պատկանում է համանուն ավիաընկերությունը, հայտարարել են միաձուլման գործարքի ավարտի մասին: Այսպիսով` նոր ընկերությունը, որը կոչվում է American Airlines, դառնում է աշխարհի խոշորագույն ավիափոխադրողը, հաղորդում է BBC-ն:
American Airlines Group Inc նոր կոնսորցիումի ղեկավար Դագ Պարկերի խոսքով` իրենց նպատակն է դառնալ աշխարհի խոշորագույն ավիաընկերությունը:
Նոր ավիաընկերությունը կունենա 950 ինքնաթիռ: Օրական նախատեսվում է իրականացնել մոտ 6,7 հազ. ավիաթռիչք` 330 ուղղությամբ դեպի ավելի քան 50 երկիր: American Airlines-ի աշխատակազմի թիվը գերազանցում է 100 հազարը:
US Airways-ի և American Airlines-ի միջև գործարքի մասին հայտարարվել էր այս տարվա փետրվարի 14-ին: Այդ ժամանակ գործարքն իրականացնելու իրենց համաձայնությունն էին տվել երկու ընկերությունների տնօրենների խորհուրդները: Սակայն օգոստոսին ԱՄՆ արդարադատության նախարարությունը և մի շարք նահանգների իշխանություններ ներկայացրեցին քաղաքացիական հայց ընդդեմ երկու ավիափոխադրողների միաձուլման:
Հայցվորները հայտարարում էին, որ միաձուլումը կարող է էապես կրճատել ԱՄՆ-ում կոմերցիոն ավիափոխադրողների միջև մրցակցության մասշտաբները և հանգեցնել ավիատոմսերի թանկացման: Նոյեմբերին, սակայն, ԱՄՆ-ի իշխանություններին և ավիաընկերությունների ղեկավարներին հաջողվել է համաձայնության գալ: Ըստ պայմանավորվածության` ընկերությունները պարտավորվել են կրճատել իրենց գործունեությունը Վաշինգտոնի, Նյու Յորքի, Բոսթոնի, Չիկագոյի, Դալլասի, Լոս Անջելեսի և Մայամիի օդանավակայաններում: Այսպիսով` նշված քաղաքների օդանավակայաններին ավելի լայն մատչում է տրամադրվում ցածր բյուջետային ավիափոխադրողներին, ինչն իր հերթին պետք է նպաստի մրցակցության խթանմանը: