Դեկտեմբերի կեսին Թուրքիայի և Եվրոպական Միության միջև կնքվելիք Ռեադմիսիայի համաձայնագիրը՝ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունների դիմաց, որոշ մտահոգություն է առաջացրել Թուրքիայում. շատերին անհանգստացնում է այն հարցը, թե արդյոք համաձայնագիրը բեռ չի՞ դառնա երկրի համար, գրել է Today’s Zaman-ը:
Դեկտեմբերի 9-ին ԵՄ-ի հետ կապերի հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ Թուրքիան ամրագրել է ցանկացած պահի Ռեադմիսիայի համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր իրավունքը այն դեպքում, եթե վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները «ողջամիտ ժամկետներում արդյունք չունենան»:
Թուրքական NTV հեռուստաալիքի հետ զրույցում Բաղըշը, փորձելով փարատել Ռեադմիսիայի համաձայնագրի շուրջ առկա մտահոգությունը, ասել է, որ Թուրքիան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները սկսել է «իր պայմաններով», ավելին՝ Ռեադմիսիայի համաձայնագիրն ու վիզային ռեժիմի վերացումը ուժի մեջ կմտնեն մոտ երեք տարուց:
Բաղըշը տեղեկացրել է, որ հաջորդ երեք տարվա ընթացքում Թուրքիան ԵՄ-ից ստանալու է ֆինանսավորում՝ իր սահմանների երկայնքով ջերմային խցիկներ տեղադրելու և հատուկ կենտրոն բացելու համար, որը կապահովվի համապատասխան մասնագետներով. նրանք կզբաղվեն ապօրինի ներգաղթյալների հարցերով:
Անցյալ շաբաթ Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության էին եկել դեկտեմբերի 16-ին ստորագրել Ռեադմիսիայի համաձայնագիրը՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման դիմաց: Ռեադմիսիայի համաձայնագիրը ստորագրելու վերաբերյալ որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 4-ին Բրյուսելում այն բանից հետո, երբ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում էր ունեցել Եվրահանձնաժողովի անդամ Սեսիլյա Մալմստրյոմի և ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Ռեադմիսիայի համաձայնագրի համաձայն՝ Թուրքիայի տարածքով Եվրոպա ապօրինաբար մեկնած երրորդ պետությունների քաղաքացիները կվերադարձվեն Թուրքիա: Եթե Թուրքիան ստորագրի և վավերացնի Ռեադմիսիայի համաձայնագիրը, երեք տարուց նրա քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի մեկնել ԵՄ երկրներ: Թուրքիան այդ համաձայնագիրը նախաստորագրել է 2011թ.:
ԵՄ ընդլայնման ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նոյեմբերին Թուրքիայում այցի ընթացքում հայտարարել էր, որ «ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ևս մեկ դրական խթան կհանդիսանան Թուրքիայի հետ Ռեադմիսիայի՝ հետընդունման համաձայնագրի ստորագրումն ու այցագրային ռեժիմի շուրջ բանակցությունները»: Ֆյուլեի խոսքով՝ այս գործընթացները շոշափելի արդյունքներ կունենան, որոնք ձեռնտու կլինեն Թուրքիայի քաղաքացիների համար:
ԵՄ-Թուրքիա գործարքի մասին հայտարարությունը Թուրքիայի փորձագետների և ընդդիմության շրջանում մտահոգություն է առաջացրել:
Ինչպես գրել է Today’s Zaman-ը, չնայած գործարքը ներկայացվում է որպես «մեծ հաղթանակ», Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցության փոխնախագահ Ֆարուք Լողօղլուի համոզմամբ՝ Թուրքիան բազմաթիվ զիջումների է գնացել ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի ազատականացման դիմաց:
Պայմանավորվածության մասին հայտարարելիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել էր, որ «դա պատմական օր է»: Մինչդեռ Լողօղլուն կարծում է, որ վիզային ռեժիմի ազատականացումն ի վերջո կարող է և չիրագործվել, իսկ Թուրքիան ստիպված կլինի կրել այն բեռը, որն իր հետ կբերի Ռեադմիսիայի համաձայնագիրը: Ընդդիմադիր գործիչը վստահ է՝ Թուրքիան պետք է ուժեղացնի իր սահմանի անվտանգությունը, ինչը բավական թանկ է: Իր հերթին Բաղըշն ասում է, որ ԵՄ-ից ստացված ֆինանսավորմամբ կարելի է հոգալ բոլոր այդ ծախսերը:
Անկարայի Ռազմավարական ինստիտուտի տնօրեն, ԵՄ օրենքի փորձագետ Մեհմեթ Օզջանն էլ ասում է, որ վիզային ռեժիմի ազատականացման մասին համաձայնագիրը միջազգային փաստաթուղթ է, որը պետք է վավերացվի ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրի խորհրդարանում:
«Դու համաձայնագիր ունես և՛ ԵՄ-ի, և՛ յուրաքանչյուր անդամ-երկրի հետ: Ի՞նչ տեղի կունենա, եթե Կիպրոսի կամ Գերմանիայի կառավարությունը ասեն «ոչ»»,- Today’s Zaman-ի հետ զրույցում հարցադրում է արել Օզջանը:
Ռեադմիսիայի համաձայնագրի կնքման առավելությունների մասին Today’s Zaman-ի հետ զրույցում խոսել է նաև Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Լևենթ Գյումրյուքչուն: Նրա խոսքով՝ համաձայնագիրը բազմաթիվ առավելություններ ունի Թուրքիայի համար՝ համեմատած համանման այն փաստթղթերի հետ, որոնք այլ երկրները կնքել են ԵՄ-ի հետ:
«Համաձայնագրի համաձայն՝ առաջիկա երեք տարում մենք կնախապատրաստվենք. կուժեղացնենք մեր սահմանները և համապատասխան քայլերը կձեռնարկենք ապօրինի ներգաղթյալների հարցերով զբաղվելու համար: Երեք տարուց կսկսենք լուծել երրորդ երկրների ապօրինի ներգաղթյալների խնդիրները, որից հետո, մոտ վեց ամսվա ընթացքում, կցանկանայինք, որ վիզային ռեժիմը դյուրացվեր»,- ասել է Գյումրյուքչուն:
Նոյեմբերի 5-ին Եվրամիությունը և Թուրքիան երեք և կես տարվա ընդմիջումից հետո բացել են անդամակցության բանակցությունների հերթական` 22-րդ գլուխը, որը վերաբերում է տարածաշրջանային քաղաքականությանը:
Թուրքիայի հետ անդամակցության սառեցված բանակցությունները վերսկսելու վերաբերյալ որոշումն ընդունելիս ԵՄ-ն հաշվի է առել այս տարվա հոկտեմբերին հրապարակված Թուրքիայի վերաբերյալ Առաջընթացի զեկույցը:
Թուրքիան ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները սկսել է 2005-ին, մինչդեռ ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 1987թ.: Քաղաքական մի շարք խոչընդոտներ, մասնավորապես, Կիպրոսի հարցը և Թուրքիայի անդամակցությանն ընդդիմացող Գերմանիայի և Ֆրանսիայի բացասական դիրքորոշումը, արգելակել են անդամակցության գործընթացը:
Դեռ 2013թ. հունիսին ԵՄ-ն բանակցությունների նոր գլխի բացման վերաբերյալ որոշում էր ընդունել, սակայն հետաձգել էր գործընթացը Թուրքիայում Գեզի զբոսայգու վերակառուցման դեմ մայիսի վերջին-հունիսի սկզբին տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով:
Թուրքիայի հասարակությանը մեծապես վրդովեցնում է Եվրոպայի նվաստացուցիչ վերաբերմունքը, ինչի արդյունքում ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի հասարակության ձգտումը, ըստ հարցումների, զգալիորեն նվազել է:
Ստելլա Մեհրաբեկյան