Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լատվիայի նորանշանակ դեսպանին

Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ, հաղորդում են արտգործնախարարության մամլո ծառայությունից: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և զարգացող համագործակցության առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաև արտգործնախարարության աջակցությունն է հայտնել դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Գավելեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, ընդգծել է, որ Լատվիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը և հավաստիացրեց, որ կանի առավելագույնը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման համար: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ փոխգործակցության օրակարգային հարցերի՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջխորհրդարանական, ապակենտրոնացված համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի խորացման շուրջ։Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան- Եվրամիություն հարաբերություններին, քննարկել տարածաշրջանային խնդիրներ:

Մեկնաբանել