Գլխավոր դատախազն օմբուդսմենից փաստեր է պահանջում

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն արձագանքել է «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցին, հաղորդում են դատախազության մամուլի ծառայությունից:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին ուղղված նամակում Գևորգ Կոստանյանն անհրաժեշտ է համարում, որ դատախազությանը փոխանցվի «զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»:

Նամակում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն Անդրեասյան, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ Ձեր արտահերթ զեկույցը: Զեկույցում բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Զեկույցը, անկասկած, հարցեր և ակնկալիքներ է առաջացնելու նաև լայն հասարակության շրջանում: Հիմնական հարցը, որ վստահաբար առաջանալու է հասարակության շրջանում լինելու է` թե ինչ է քայլեր են ձեռնարկվելու Ձեր զեկույցի հիման վրա:

ՀՀ գլխավոր դատախազությունը օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պարտավոր և պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում:

Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ: Առանց նման մեկ փաստի, զուտ ուսումնասիրությունների հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազությունը հնարավորություն չի ունենա պատշաճ ընթացք տալ Ձեր զեկույցում բարձրացված մտահոգիչ հարցերին, որոնք, առերևույթ, պարունակում են հանցագործության հատկանիշներ:

Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկում եմ Ձեր զեկույցում ներկայացված եզրահանգումները հիմնավորող առնվազն մեկ փաստ փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված պատշաճ ընթացքն ապահովելու համար:

Ընդ որում, հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները, բարձրացված հարցերի կարևորությունը և նման փաստ ներկայացնող անձի իրավաչափ ակնկալիքը` չբացահայտելու իր ինքնությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորում է, որ այդ անձի նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցներ»:

ՄԻՊ զեկույցում ներկայացված էին նաև դատական կաշառքների սակագները: Ըստ զեկույցի` կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10%-ից ելնելով: Ըստ այդմ` կաշառքի սակագները առաջին ատյանի դատարանում տատանվում են $500-10 000-ի, Վերաքննիչ դատարանում` $200-15 000 հազ-ի, Վճռաբեկ դատարանում` $10 000-50 000-ի միջակայքում:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել